Առաջարկվել է Լենինի դամբարանը հեռացնել Կարմիր հրապարակից

Մանրամասներ

1

Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չեռնիշովը (ՌԼԴԿ) առաջարկել է Կարմիր հրապարակից հեռացնել հուշահամալիր գերեզմանոցը, որտեղ թաղված են ԽՍՀՄ նշանավոր գործիչներ, ինչպես նաեւ՝ դուրս բերել Լենինի մարմինը դամբարանից։ Այս մասին նա պատմել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Այս ամենը հնարավոր է, բայց ոչ Կարմիր հրապարակում, քանի որ դա սրբապղծություն է, ոչ այն վայրում, որտեղ տեղակայված են սահադաշտ եւ առեւտրի սրահներ, որտեղ մարդիկ նշում են Նոր տարին, զբոսնում են, գալիս են մարզերից»,- ասել է Չեռնիշովը:

Նրա խոսքով, ՌԼԴԿ խմբակցությունն այս թեմայով մի քանի օրինագծեր է ներկայացրել Պետդումա։

«Սա գերեզմանոց է, որտեղ մարդիկ են պառկած, եւ այդ մարդկանցից մեկը նույնիսկ բոլոր նորմերի, նույնիսկ բարոյականության տեսակետից՝ պառկած չէ։ Խոսքս Լենինի մասին է։ Կարմիր հրապարակն արդեն վաղուց պետք է ազատվի գերեզմանների այս համալիրից»,- հավելել է խորհրդարանականը։

Նա դա անվանել է «մարդկանց հանդեպ ծաղր»:

«Առավել եւս Լենինը երբեք չի ցանկացել, որ իրեն ցուցադրեն որպես մումիա, որն այժմ պառկած է կենտրոնում... Վստահ եմ՝ վաղուց ժամանակն է, որ վաղուց բոլոր ժամանակների եւ ժողովուրդների առաջնորդը (Ստալինը - խմբ․), պրոլետարիատի առաջնորդը (Լենինը - խմբ․)՝ նրանք բոլորը միասին վերջապես կգտնեն իրենց խաղաղությունը բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով»,- եզրափակել է Չեռնիշովը:

Կրեմլի պատի մոտ հուշահամալիրը գերեզմանոց է, խորհրդային պետության ռազմական եւ քաղաքական առաջնորդների թաղման վայր: Պատի մեջ հեղափոխականների, ռազմական առաջնորդների, արտասահմանյան կոմունիստների, նշանավոր օդաչուների, նշանավոր գիտնականների եւ մահացած տիեզերագնացների մոխրի սափորներն են։ Լենինի դամբարանի հարեւանությամբ են գտնվում Իոսիֆ Ստալինի, Ֆելիքս Ձերժինսկու, Միխայիլ Կալինինի, Անդրեյ Ժդանովի, Կլիմենտ Վորոշիլովի, Սեմյոն Բուդյոննու, Միխայիլ Սուսլովի, Լեոնիդ Բրեժնեւի եւ այլոց գերեզմանները։