Արցախը մերն է ու վերջ. Հրանտ Մարգարյան

Շրջանառության մեջ են դրվել «տարածքներ խաղաղության դիմաց», «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւեր

Արցախը պետք է մնա միասնական, ոչ ոք իրավունք չունի Արցախը սպիտակ կամ սև ներկելու: Այս մասին այսօր Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Անցած 30 տարիներին թե՛ Արցախը՝ իբրեւ ինքնուրույն, միասնական քաղաքական միավոր, թե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ունեցել են աշխարհը տեսնելու մի միջոց՝ դիտակետ, դա արցախյան դիտակետն է եղել։ Աշխարհը տեսել ենք, աշխարհում ծավալվող իրադարձությունները գնահատել ենք, մեր շահը ամենուր փնտրել ենք արցախյան դիտակետից: Այժմ վտանգ կա. Արտաքին քաղաքականության մեր ձախողումները, ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա, մեղմ ասած, դժվարությունները ուղղակիորեն առնչվում են մեր անվտանգությանն ու Արցախի պայքարին»,-ասաց նա:

Հրանտ Մարգարյանի խոսքերով պարտադրված պատերազմին դիմագրավելու համար մեզ պետք է միասնություն, հայրենասիրություն ու պայքարի ոգի, իսկ այն ինչ քարոզվում է այսօր` այլ բան է:

«Շրջանառության մեջ են դրվել «տարածքներ խաղաղության դիմաց», «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւեր, խոսվում է, թե Արցախը պետք է բանակցի, ապա խոսվում է, թե Արցախում իշխանափոխություն պիտի տեղի ունենա։ Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը, ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման փաստը, Արցախի Սահմանադրությունը, որը հաստատվել է ժողովրդական հանրաքվեով: Արցախի ինքնորոշման փաստի հետ հաշվի նստո՞ւմ է պաշտոնական Երեւանը, թե՞ ամեն ինչ նորովի պետք լինի ու քննելի: Պարզ է՝ քննարկումն առաջին քայլն է, անընդունելին հասկանալի իսկ հետագայում նաեւ ընդունելի ու նույնիսկ ցանկալի դարձնելու համար։ Բայց մեր ժողովուրդը անգամներ է փաստել՝ Արցախը մերն է ու վերջ»,-իր խոսքում նշեց նա։

Հրանտ Մարգարյանի համոզմամբ՝ Արցախի հարցում ստատուս-քվոյի պահպանման ջատագովն են Ռուսաստանը եւ Իրանը, հետևաբար, այս պետությունների հետ առաջ եկած հարցերի արագ կարգավորումը այլընտրանք չունի:

«Պետք է գիտակցել՝ տարածաշրջանային ներկա քաղաքական ներկապնակում մեր կամքից անկախ, գտնվում ենք Արեւմուտք-Թուրքիա-Ադրբեջան եւ ՌԴ-ՀՀ-Իրան ռազմաքաղաքական հատման դիրքում:

Առանց որեւէ բեւեռի հանդեպ հակակեցվածք ընդունելու պետք է ձեւավորել սեփական օրակարգը, որը չի կարող լինել միջազգային ազդեցությունների բաժանման այլոց օրակարգը, այլ պետք է լինի մեր անվտանգությունը, որը խարսխված է ՀՀ առանցքի եւ ՌԴ հետ ռազմավարական դաշինքի ու դարավոր բարեկամ Իրանի հետ»,-հավելեց նա: