Իրանական Tasnim գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրը, չորեքշաբթի հերքել է տեղեկությունն այն մասին, որ թալիբները մի քանի իրանական անցակետեր են գրավել իրանա-աֆղանական սահմանին բախումների արդյունքում։
Հաղորդվում է, որ իրանական ուժերն այս պահին լիովին վերահսկում են սահմանը։ Գործակալությունը նշում է, որ թալիբների և Իրանի զինված ուժերի միջև փոխհրաձգության պատճառը սահմանային գծի մասին աֆղանական կողմի թյուրիմացությունն է եղել։
Նշվում է, որ մի քանի տարի առաջ Իրանի տարածքում՝ Աֆղանստանի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, մաքսանենգների դեմ պայքարելու համար պատ է կառուցվել։ Իրանցի ֆերմերները չորեքշաբթի դուրս են եկել պատից այն կողմ՝ մնալով իսլամական հանրապետության տարածքում։
Միաժամանակ թալիբները դա սխալմամբ համարել են պետական սահմանի խախտում և կրակ բացել։ Դրանից հետո փոխհրաձգություն է սկսվել իրանցի սահմանապահների հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահմանապահների և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև. այս պահին արմատականները դեպի սահման են քաշում զրահատեխնիկա, այդ թվում՝ այն, որն ԱՄՆ ԶՈւ-ն իր դուրս գալուց հետո թողել է Աֆղանստանի տարածքում։ Բացի այդ, երկու կողմերն էլ ակտիվորեն կիրառում են հրետանի։
Տեղի բնակիչները, հետևելով թալիբ գրոհայինների հրահանգներին, ստիպված են եղել լքել իրենց տները։ Սահմանին զինված բախումները սկսվել են տեղական ժամանակով 17:30-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 16:00-ին): Հակամարտության պատճառները չեն հաղորդվում։
Իրանը հերքում է թալիբների կողմից իրանական սահմանային անցակետերի գրավման մասին լուրերը
Մանրամասներ
0Comments