Հզոր և սքանչելի

Իմ Հոգու գալը քո կյանքի մեջ ու նրա գործելը անտեսանելի են, բայց արդյունքը մեծ է ու տեսանելի


Հունվարի 14

 

Իրապես ուրախ են այն հոգիները, որոնց հետ Ես քայլում եմ: Ապահովություն է՝ Ինձ հետ քայլելը: Իմ Հոգու գալը քո կյանքի մեջ ու նրա գործելը անտեսանելի են, բայց արդյունքը մեծ է ու տեսանելի:

Սովորիր Ինձնից: Սպանիր քո Ես-ը: Յուրաքանչյուր հարված, որ հասցնում ես քո Ես-ին, ծառայում է ձևավորմանը՝ իրական, հավերժական ու անկորնչելի այն անձի, որ դու ես: Ինքդ քեզ հետ կարող ու անկեղծ եղիր: Հաճախ հարցրու. «Արդյո՞ք Ես-ը թելադրեց այս». և եթե պարզվի, որ իր թելադրանքն է՝ հեռու վանիր այն քեզնից: Երբ Ես մեռա խաչի վրա, սպանեցի նաև՝ Ինձնով մարմնավորված ողջ մարդկության Ես-ը: Քանի որ այս Ես-ը խաչի վրա խաչվեց, Ես կարող էի արդեն հաղթել անգամ մահը:

Երբ Ես խաչափայտի վրա կրեցի քո մեղքերը Իմ մարմնի մեջ, Ես այդպես կրեցի ողջ աշխարհի մարդկային Ես-ը: Երբ դու էլ սպանես քո Ես-ը, դու էլ կշահես այն անխորտակ զորությունը, որ Ես թողեցի ուժասպառ աշխարհին... որպեսզի դու էլ հաղթող դառնաս:

Կյանքը և իր բերած դժվարությունները չէ, որ պիտի հաղթահարես, այլ սոսկ Ես-ը, որ կա քո մեջ: Ինչպես Իմ աշակերտներին ասացի. «Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել»: Չեք կարող այդ բաները հասկանալ, սակայն երբ քիչ առ քիչ հնազանդվեք Ինձ, քայլեք Ինձ հետ և լսեք Ինձ և կամենաք ընկալել ու կատարել ձեր լսածը, այն ժամանակ կտեսնեք, թե ինչ փառավոր, ինչ հրաշալի է Իմ Հայտնությունը և Իմ Ուսուցումը: