Պետք է այդ զինված խմբավորումներին ահաբեկչական կառույցի ստատուս տանք. Փորձագետ

Մանրամասներ

ա

Երեկ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով պայմանագրային զինծառայող էր զոհվել, կրակոցներ էին հնչել նաև Սյունիքում ու հայ զինվորավորականները պատասխան էին տվել թշնամուն և դուրս քշել զբաղեցրած դիրքերից։

ArmDaily.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն, անդրադառնալով Հայաստանի տարածքում զենք օգտագործելու պատճառով և սպանության հոդվածով քրեական գործ հարուցելուն, նշեց, որ քրեական գործ պետք է հարուցվեր, բայց պետք է հարուցվեր ոչ թե այս միջադեպի առթիվ, այլև այն ժամանակ, երբ ադրբեջանցիները արդեն ներխուժեցին ՀՀ տարածք։

«Ինչ խոսք, իրականում սպանության դեպքի առիթով նույնպես պետք է քրեական գործ հարուցվեր անպայման և մենք պետք է գործուն քայլեր ձեռնարկենք, որ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած զինված խմբավորումների անդամներին նույնականացնեին և նրանց նկատմամբ քրեական գործ հարուցեին։ Ավելին, նաև միջազգային հետախուզում հայտարարեին։

Մենք չպետք է տանենք ռազմական դաշտ, պետք է տանենք բացառապես իրական դաշտ և փորձենք այդ օղակով զսպենք հետագա գործողությունները, որովհետև ձեռնամարտի բռնվել ու մեր տարածքում զենք- զինամթերք օգտագործելը դա արդեն հակասում է տարբեր տեսակի օրենքներին, այնպես որ՝ ես կարծում եմ, որ այս փուլում ոչ համաչափ է մեր արձագանքը, մենք ավելի կոշտ պետք է մեզ պահենք»։

Նա ընդգծեց, որ Քրեական օրենսգրքում բազմաթիվ հոդվածներ կան, որոնցով կարող ենք քրեական գործեր հարուցել։ «Հասարակ օրինակ բերեմ, եթե ՀՀ քաղաքացիներից որևէ մեկը անօրինական զենք-զինամթերք է պահում, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում։

Այս դեպքում, ոչ միայն անօրինական զենք -զինամթերք է պահվում, այլև արդեն իրական վտանգ է ներկայացվում խաղաղ բնակչությանը և մենք պետք է այդ զինված խմբավորումներին տանք ահաբեկչական կառույցի կամ խմբավորումների ստատուս, այլապես եթե մենք ռազմական ճանապարհով գնանք, մենք տուրք ենք տալու իրենց ռազմական սադրանքներին և կարող են լայնածավալ ռազմական իրավիճակներ լինել։

Եթե ադրբեջանական ուժերը չհետևեն միջազգային կոչերին՝ դուրս բերել այդ խմբավորումներին մեր տարածքներից, մենք ստիպված ենք լինելու ռազմական ճանապարհով հարցին լուծում տալ։

Բայց մինչև այդ քայլին դիմելը՝ մենք այդ խմբավորումներին նույնականացնենք ու միջազգային հետախուզում հայտարարենք, միգուցե դա կլինի կանխարգելիչ ու միգուցե նրանք իրենց կամքով էլ հեռանան Հայաստանին, հակառակ դեպքում՝ մենք տրվելու ենք իրենց սադրանքներին և ռազմական ճանապարհով ենք իրենց քշելու մեր երկրից»։ Անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե մենք արդեն կարող են ՀԱՊԿ-ին դիմել ռազմական օգնության համար, քանի որ ռազմական ագրեսիա է իրականացվում, նա նշեց, որ ամեն դեպքում գտնում է, որ ՀԱՊԿ-ը չի գործելու և չի իրականացնելու որևէ քայլ։

«Փորձը դա է ցույց տվել, անգամ հայտարարություն չեն կատարել»։ Հարցին՝ թե արդյոք այդ դեպքում մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին հարցականի տակ չի դրվում նա պատասխանեց, որ իհարկե պետք է դիտարկել մեր անդամակցությունը և վերանայել։

Դիտարկմանը, թե գուցե այդ դեպքում նաև ժամանակն է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու՝ նա ընդգծեց, որ եթե մենք խոսում ենք միջազգային կառույցներին դիմելու մասին, ապա, այո, պետք է մենք դիմենք բոլոր միջազգային կառույցներին, որպեսզի սպառենք դրանք։

«Այնպես չստացվի, որ որևէ միջազգային կառույց ասի, թե դուք մեզ չէիք դիմել, դրա համար էլ պետք է դիմենք ու սպառենք բոլոր հնարավոր միջոցները և միաժամանակ պետք է դիտարկենք ռազմական գործողությունները»։