Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության: Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես, որն անցկացրեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ստուգատեսին մասնակցել են ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրահանգել էց ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ, ծառայության ընթացքում չպետք է լինեն բացթողումներ, այլապես թերացողները խիստ կպատժվեն:
Ճանապարհային ոստիկանությանը հրաման է տրվել խիստ վերահսկողություն սահմանել ճանապարհներին, ոչ սթափ վիճակում գտնվող բոլոր վարորդները պետք է հայտնաբերվեն, ենթարկվեն վարչական պատասխանատվության, մեքենաներն էլ տեղափոխվեն պահպանվող հատուկ տարածքներ:
Ոստիկանությունն այս օրերին կիրականացնի շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ տոնական օրերին քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում չխախտել հասարակական կարգը, անսթափ վիճակում չնստել ղեկին ու չխախտել օրենքը: Բոլոր օրինախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Ոստիկանությունն անելու է ամեն ինչ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու համար, իսկ տոնական օրերի տոնականության ապահովումը բոլորիս իրավագիտակցության, փոխադարձ հարգանքի ու համերաշխության խնդիրն է»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
Ճանապարհային ոստիկանությանը հրաման է տրվել խիստ վերահսկողություն սահմանել ճանապարհներին
0Comments