Չադրաների ու նիկաբների կրման արգելքը կքննարկեն Վրաստանի խորհրդարանում

Առաջարկվում էր տուգանք սահմանել հասարակական վայրերում ու հասարակական տրանսպորտում նման հագուստ կրելու համար

Վրաստանի խորհրդարանում ստեղծվելու է հատուկ աշխատանքային խումբ, որը քննելու է կրոնական թեմայով նախագծերին վերաբերող հարցեր, որոնց թվում է նաև չադրա, նիկաբ ու բուրկա կրելու հարցը։ Այս մասին տեղեկացրել է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարը։

Մինչ այս նույն հանձնաժողովը տապալել է ընդդիմադիր պատգամավորներից մեկի նախաձեռնությունը, որով առաջարկվում էր տուգանք սահմանել հասարակական վայրերում ու հասարակական տրանսպորտում նման հագուստ կրելու համար՝ 190 դոլարի սահմաններում, վարքագծի կրկնության դեպքում՝ 570 դոլար։

Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ կրոնական թեմայով մի շարք նախագծեր են կուտակվել, և իրենց հանձնաժողովը այդ նախագծի քննարկումը չեղարկել է, որպեսզի կրոնական բոլոր հարցերը քննի այդ աշխատանքային խումբը։

Մուսուլման կանանց նման հագուստը անհանգստության տեղիք է տալիս, քանի որ դրանց մի մասը փակում է դեմքը, իսկ մյուս մասն ուղղակի այնպիսին է, որ հագուստի տակ կարելի է թաքցնել ինչ ասես, նույնիսկ զենք։