«Սասնա ծռեր»-ից Կարո Եղնուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դատի է տալիս ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին՝ անօրինական գաղտնալսումների համար:
«Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երևում է, որ 2014 և 2015 թվականներին իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած այն բանին, որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որևէ հիմք չի եղել: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել, և երեք տարի անց, երբ ինձ մեղադրեցին «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, այդ նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ 2016թ. հուլիսի 18-ին քննչական մարմինը դիմել է դատարան՝ իր հեռախոսները գաղտնալսելու համար՝ հիմնավորելով, որ օպերատիվ տեղեկություններ ունի, որ ինքը փորձում է «Սասնա ծռերին» ապահովել ռադիոկապով.
«2016թ. հուլիսի 19-ին քննչական մարմինը կրկին դիմել է դատարան՝ երեք բնակարաններս, երկու ավտոտնակներս և երեք ավտոմեքենաներս խուզարկելու թույլտվություններ ստանալու համար՝ ռադիոկապի սարքավորումներ և զենք-զինամթերք որոնելու նպատակով»,-ասաց Եղնուկյանը:
Հեղափոխությունից հետո Եղնուկյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, որպեսզի իրեն տրամադրեն եղած օպերատիվ տվյալները ու հավաստիացում ստանա, որ այսուհետ իր ու իր ընտանիքի անդամների իրավունքները չեն խախտվելու: Սակայն ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ իրենք գործում եմ օրենքի շրջանակներում
«Իսկ այդ տվյալներն ինձ կտրամադրվեն միայն այն դեպքում, երբ իմ նկատմամբ հարուցված քրեական գործով հաստատվի, որ իմ արարքում հանցակազմ չկա կամ, եթե կայացվի արդարացման դատավճիռ: Իսկ ԱԱԾ տնօրենի պատասխանից հետևում էր, որմ իմ բնակարաններում կատարվել են գաղտնալսումներ և իմ ընտանիքի անդամները գաղտնալսվել են: Սա ենթադրում է նաև, որ գաղտնալսումները չեն եղել դատարանի թույլտվությամբ, քանի որ գործում նման որոշում չկար»,-ասաց նա:
Թե ինչո՞ւ են իրեն գաղտնալսել, նա բացատրեց, որ այդ տարիներին «Հիմնադիր խորհրդարանը» համարվում էր վտանգավոր խումբ.
«2015 թվականին, երբ խուզարկություններ եղան, հինգ հոգի, երբ բերման ենթարկեցին, այդ թվում՝ ես, բայց ինձ ազատ արձակեցին, մյուսներին մեկ ամիս պահեցին: Ես չհասկացա, թե ինչու այդ օրն ինձ ազատ արձակեցին»,-նշեց նա:
Եղնուկյանի համոզմամբ՝ այդ գաղտնալսող սարքերը բնակարաններում տեղադրելը բարդ չէ, քանի որ եղել են խուզարկություններ, այդ խուզարկությունների ժամանակ կարող էին տեղադրել:
0Comments