Մենք էստեղ հանգստություն չունենք․ մոմավառություն Երուսաղեմում ՝ ի հիշատակ Արցախում նահատակված զինվորների

Աստված ուժ տա մեր ժողովրդին

Երուսաղեմի հայ համայնքը խորը ցավով հետևում է Արցախում տեղի ունեցող պատերազմին։ Սուրբ Հակոբ եկեղեցում այսօր հայ համայնքը թշնամու ագրեսիայի հետևանքով նահատակված զինվորների համար մոմավառություն է կազմակերպել։

«Այսօրվա մոմավառությունը նվիրված էր այս երկշաբաթյա պատերազմի ընթացքում զոհված մեր հերոսների հիշատակին։ Մոմերի լույսերով ձևավորվեց Հայաստանի և Արցախի քարտեզը, որը խորհրդանշում է, որ մեր զոհված հերոսները իրենց արյամբ գծեցին մեր հայրենիքի նոր սահմանները և իրենց հերոսությամբ թշնամուն պարտադրեցին այսօրվա հրադադարը։ Մենք աղոթեցինք իրենց հոգու խաղաղության համար և մեր խորը ցավակցություններն ենք հայտնում նրանց հարազատներին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Աննան և Նաիրան, ովքեր նույնպես մասնակցել են մոմավառությանը, մեզ հետ զրույցում իրենց ցավակցությունները փոխանցեցին հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված զինվորների հարազատներին։

«Մենք մեր քունը կորցրել ենք, էստեղ հանգստություն չունենք, ամեն մի զոհի համար տառապում ենք, խորը ցավ ենք ապրում»,- ասաց Աննա Կոստիկյանը։

Նաիրա Մանուկյանն էլ հավելում է․«Բոլորի համար մեծ ցավ ենք ապրում։ Աստված օրհնի իրենց ընտանիքներին։ Աստված ուժ տա մեր ժողովրդին»։

Համաճարակով պայմանավորված՝ մոմավառությանը հիմնականում մասնակցել են Երուսաղեմի հայերը։

«Ցավոք, Իսրայելում կրկին կարանտին է հայտարարվել, քաղաքները փակ են, Հին քաղաք չեն կարող մտնել էն բնակիչները, որոնք էստեղ չեն ապրում, դրա համար մոմավառությանը միայն այստեղ ապրողներս մասնակցեցինք»,- ասաց Աննան։

Երուսաղեմահայերն անտարբեր չեն մնացել Հայաստանից ու Արցախից հնչող կոչերին, որոնք ուղղված են «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու համար։ Այս օրերին մոտ 38 000 դոլար է փոխանցվել հիմնադրամին։

«Երուսաղեմի միացյալ հանձնախումբը պատերազմի առաջին իսկ օրվանից կազմակերպել է դրամահավաք։ Առաջին փուլով «Հայաստան» համահայկական հիմնադրամին 37 700 դոլար է փոխանցվել։ Երկրորդ փուլով՝ երկուշաբթի պետք է ամփոփենք գումարը և կրկին հիմնադրամին ուղարկենք։ Սա մի քանի փուլով է լինելու, մենք արդեն 3-րդ փուլի դրամահավաքին ենք պատրաստվում»,- հավելեց Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

ե

ե

ե