Ալիևը բաց է թողել «աստեղային ժամը». ադրբեջանական բանակը չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը

Թե չկարողացաք ձեր առջև դրված այս խնդիրներն առաջին երկու օրում լուծել, ուրեմն նույնիսկ երկու շաբաթվա մեջ չեք լուծի

Ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյոնոկը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակը 5 օրվա ընթացքում չի կարողացել լուծել նույնիսկ առաջին օրվա համար իր առջև դրված խնդիրը, գրում  են tert.am և eadaily.com կայքերը:

«Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը ծրագրել, նախապատրաստել և հարձակողական գործողություն է սկսել: Հինգ օրը շա՞տ է, թե՞ քիչ: Վեց օրում Իսրայելը լիովին ջախջախել է իրեն մի անգամ գերազանցող արաբական դաշինքին, 3 օրում Կարմիր բանակը գրավել է Քյոնիգսբերգը: Ինձ թվում է, որ 5 օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն անգամ օրվա խնդիրները չեն կարողացել լուծել: Իլհամ Ալիևն արդեն բաց է թողել «աստեղային ժամը», քանի որ նշանակալի արդյունքներ չկան, չեն կարողացել վերցնել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, ոչ մի խնդիր չեն կարողացել լուծել»,- նշել է Խոդարյոնոկը:

«Ինձ թվում է, որ նույնիսկ նրանց զինամթերքն է սպառվում. ևս 2-3 օր և այս պատերազմը կթուլանա: Պատերազմել պետք է արագ, հաջողության պետք է արագ հասնել: Թե չկարողացաք ձեր առջև դրված այս խնդիրներն առաջին երկու օրում լուծել, ուրեմն նույնիսկ երկու շաբաթվա մեջ չեք լուծի, և արդյունքում թույլ փոխհրաձգությունները կմնան»,- հավելել է ռազմական փորձագետը:

«Հասկանալու համար, թե ինչու Ադրբեջանի մոտ մարտական գործողություններ իրականացնելն այնքան էլ հաջող չի ստացվում, անհրաժեշտ է հայացք գցել 1990-ականներին՝ տեսնելու, թե ինչու նրանք այդ ժամանակ գրեթե ամեն բան կորցրին: Ադրբեջանի բնակչության շրջանում զինվորական ծառայությունը երբևէ ժողովրդականություն չի վայելել: Խորհրդային, այնուհետև ռուսական բանակում 30 տարվա ծառայությանս ընթացքում ես գեթ մեկ ադրբեջանցի օդաչու չեմ տեսել: Գուցե ընկերներս ավելի հաջողակ են եղել, համենայնդեպս, իմ հարցրածներից որևը մեկը նույնպես չի տեսել: Ժամանակին, երբ Ադրբեջանում տեղակայված էր 4-րդ համազորային բանակը, այնտեղ պարբերաբար զորահավաքային վարժություններ էին իրականացվում, պահեստազորից Ադրբեջանի քաղաքացիների էին կանչում, փորձում էին գումարտակներ և մոտոհրաձգային ստորաբաժանումներ հավաքել, սակայն այդ ամենը շատ վատ էր ստացվում: Ինչո՞ւ: Քանի որ ում կանչում էին, պարզվում էր՝ անցյալում կա՛մ խոհարար է եղել, կա՛մ հաց կտրող, կ՛ամ հնոցապան կա՛մ էլ ռազմական շինարարական ջոկատի զինվոր»,- նշել է Խոդարյոնոկը: