ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չարաշահում է պաշտոնեական դիրքը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գիրգորյանը:
«Տեսնում ենք, որ Առողջապահության նախարարը սկսում է հիվանդանոցներն իր ձեռքի տակ վերցնել և տնօրեններին փոխել, իր յուրայիններին նշանակել, տեսչության պետեր է փոխում: Երևանի պետական բժշկական համալսարանի վերաբերյալ կարծիք է արտահայտում, թե ուզում է, որ բուհն ավելի լավ ռեկտոր ունենա: Փաստեր չի ներկայացնում, միայն ցանկությունն է հայտնում, այն էլ` զանազան հարթակներից հայտարարելով: Արսեն Թորոսյանը լիազորություններ չունի ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին փոխելու. պարզ է, որ քաղաքական հետապնդման հոտ է գալիս»,-ասաց Գրիգորյանը`ընդգծելով` եթե երկրի առաջին դեմքը սա տեսնում ու հանդուրժում է, շատ վատ է, իսկ եթե չի տեսնում, թող տեսնի:
Ըստ Գրիգորյանի` խնդիր կա առողջապահության ոլորտում հակակոռուպցիոն ռազմավարության հետ կապված, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման որևէ գործողություն չի արվում: «Հակակոռուպցիոն ռազմավարությունը միայն մարդկանց բռնել և նստեցնելը չէ, դա հետևողական պայքար է, կոռուպցիոն ռիսկերի բացառումն է, որպեսզի հետագայում կոռուպցիա չլինի: Դրա մասին փաստում են հիվանդանոցների կատարած գնումները, երբ տարբեր պետական հիվանդանոցներ իրականացնում են փակ ընթացակարգով`անվանելով դա առևտրային գաղտնիք»,-ասաց «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահը:
Մանրամասները` տեսանյութում:
0Comments