Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին սերիալ կնկարահանեն

Սերիալը, որը դեռևս անվանում չի ստացել, կներկայացնի 2019-ի ապրիլի 15-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ տաճարի ձեղնահարկում հրդեհի առաջին օջախի հայտնաբերման պահից

Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի մասին կարճ, 6 մասից բաղկացած խաղարկային սերիալ կնկարահանեն:

Ինչպես հայտնում է Variety-ն, նախագծի իրականացմամբ կզբաղվեն Pathe և Vendôme կինոստուդիաները: Ֆիլմի հիմքում ընկած կլինի New York Times-ի լրագրողների հետաքննությունը, որոնք կմասնակցեն սցենարի պատրաստման աշխատանքներին:

Սերիալը, որը դեռևս անվանում չի ստացել, կներկայացնի 2019-ի ապրիլի 15-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ տաճարի ձեղնահարկում հրդեհի առաջին օջախի հայտնաբերման պահից: Ժապավենը կցուցադրի ոստիկանների և հրշեջների աշխատանքը:

Vendôme ընկերության ղեկավար, պրոդյուսեր Ֆիլիպ Ռուսելլեն մեկնաբանել է, որ սերիալի ստեղծողներին ոգեշնչել է «Չեռնոբիլի» օրինակը, որում կատարվածը ներկայացվել է տարբեր տեսանկյուններից:  

Սերիալի պրեմիերան նախատեսված է 2021 թվականին: