Լավ է, իհարկե, որ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանը «կոշտ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին», երբ սա «հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք» է դրսեւորել` բարբաջել է Հայաստանում «ֆաշիստների հերոսացման» միտումների մասին, բողոքել «ՀՀ նախկին իշխանություններից», որ համարձակվել են Երեւանի կենտրոնում արձան կանգնեցնել «ֆաշիստական դահիճ» եւ «դավաճան» Գարեգին Նժդեհին։
Շատ լավ է, որ ժխտելով ինքն իրեն, հերքել է իր եւ իր ընտանեկան թերթի նախկինում արտահայտած տեսակետները «նժդեհական» գաղափարախոսության «ֆաշիստական» արմատների վերաբերյալ, եւ վճռականորեն կանգնել է Նժդեհի, «ՀՀ նախկին իշխանությունների «թասիբին»`ընդգծել է, որ «Ալիեւի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կար»։
Հրաշալի է, որ իրերն իրենց անուններով է կոչել` ասելով. «Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Վլադիմիրի բանտում խորհրդային բազմաթիվ առաջնորդներ են մահացել։ Սոլժենիցինը Գուլագում էր։ Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա շատ նշանավոր գործիչներ դատապարտվել են եւ ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք»։
Մի՛ բան է զարմացնում` այդքանը ասելուց հետո գոնե ինքն իրեն հարց չի՞ տալիս. վաղը, երբ իրեն եւ քանդարարների իր ջոկատին իշխանության օլիմպոս հասցրած «թավշյահեղափոխական հոգեխանգարմունքի» ալիքն անցնի, եւ գա ճշմարտության պահը` իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը, ինքն ու իր ղեկավարած սահմանափակ պատասխանատվության կառավարությունը չե՞ն առերեսվելու իրականության հետ։
Էդ որ էդպես «դուխով»` առանց հետ նայելու, նենգափոխում է ոչ հեռու անցյալի մեր պատմությունը, «1937-1950 թվականների» ոգով հետապնդում է, շինծու մեղադրանքներ է ներկայացնում, կալանավորել տալիս, վարկաբեկում մեր նորօրյա պատմության նշանավոր գործիչներից մեկին` Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գործեր կարում Արցախյան ազատամարտը հաղթած գեներալների վրա` բոլորին «ժողովրդի թշնամու» պիտակ կպցնելով, չի՞ մտածում, որ վաղը նույն բանն իրե՛ն են ասելու։ Ի՛ր երեսին են շրխկացնելու այն, ինչի համար կշտամբում է «ադրբեջանցի գործընկերոջը»`մեղադրելով «պատմական իրադարձությունները սուբյեկտիվ մեկնաբանելու», փաստերը խեղաթյուրելու մեջ։
Սա շատ նման է նրան, որ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով` ներկայանում էր որպես «խաղաղության աղավնի», փքուն խոսքեր ասում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, գործընկերության եւ համագործակցության, առճակատման քաղաքականության «վնասների» մասին, իսկ երկրի ներսում`միակ բանը, որ անում է, առճակատում հրահրելն է, ժողովրդին սեւերի եւ սպիտակների, յուրայինների եւ «ժողովրդի թշնամիների» բաժանելը, մեթոդաբար եւ հետեւողականորեն հասարակությունը ջլատելը, ներքաղաքական «պատերազմի», ինքնակերության պատանդ դարձնելը։
Չես հասկանում` գիտակցո՞ւմ է, ինչ հսկայական անջրպետ կա իր խոսքի ու գործի, երեկվա եւ այսօրվա «տեսլականների», արտաքին եւ ներքին հռետորաբանության միջեւ, թե՞ չհասկանալով է անընդհատ հակասում ինքն իրեն, իր արտասանած տեքստերն ի՞նքն է գրում, թե՞ գրում-տալիս են ձեռքը` կարդում է, չիմանալով ինչի՞ մասին է խոսում, չի՞ հիշում ինչ է ասել մի տարի, երկու տարի, երկու ամիս, երկու օր առաջ, թե՞ պարզապես տառապում է անձի երկատվածությամբ։
Իսկ ամենավատն այն է, որ դրանից, մեծ հաշվով, շատ բան չի փոխվում...
Լիլիթ Պողոսյան
0Comments