Մենք պետք է գնանք ոչ թե մենիշխանության, անձնավորված իշխանության ճամփով, այլ պատրաստենք նոր ՀՀ-ն հաջորդի համար. Րաֆֆի Հովհաննիսյան

Ես պատիվ եմ ունեցել մեր հայրենակիցների, հայաստանցիների հետ լինել նոր Հայաստանի ակունքներում

Քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարություն չեմ արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին՝ իրենից ի՞նչ որ ակտիվություն է սպասվում քաղաքականության մեջ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես պատիվ եմ ունեցել մեր հայրենակիցների, հայաստանցիների հետ լինել նոր Հայաստանի ակունքներում, նոր Հայաստանի գաղափարը պետք է ի կատար ածենք, մինչև վերջ չենք հասցրել Նոր Հայաստանը, մենք պետք է ամբողջացնենք հեղափոխությունը»:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեծ հպարտությամբ է ասում, որ կողմնակից է սերնդափոխության և հպարտ է, որ իր կենդանության օրոք «Ժառանգություն»-ը 4-5 նախագահ է  փոխել: «Տարոսը մաղթում եմ բոլոր կուսակցություններին, որ այդ բնականոն վիճակը լինի բոլորի մոտ: Ես միայն ուրախ եմ, որ մեզ մոտ կա այդ վիճակը, պետությունը դա պետք է վերցնի որպես բանաձև: Մենք միասին՝ պետություն, իշխանություն, ընդդիմություն պետք է ունենանք այն վիճակը, որ մեր երիտասարդությունն ունենա հնարավորություն աճելու, ներկայանալու, նաև՝ կառավարելու»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դիտարկմանն առ այն, որ վարչապետը հայտարարել է, թե կհամագործակցի այն ուժերի հետ, որոնք պայքարել են նախորդ ռեժիմի դեմ և հարցին՝ իրենց ուժը դրանց թվո՞ւմ է, Հովհաննիսյանն ասաց. «Վեց տարի առաջ նոր Հայաստանի երդումը կատարեցի ես, ապա՝ Նիկոլ Փաշինյանն ու հայ ժողովուրդը միասին, սակայն Նոր Հայաստանի մենաշնորհը պատկանում է միայն հայ ժողովրդին և մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցության:

Ո՛չ պարոն Փաշինյանը, ո՛չ ես ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, մենք միասին պետք է պատրաստենք նոր Հայաստանը հաջորդի համար: Մեր խնդիրն այն է, որ մենք պետք է գնանք ոչ թե մենիշխանության, անձնավորված իշխանության ճամփով, այլ պատրաստենք նոր ՀՀ-ն հաջորդի համար: Հուսով եմ՝ մի քանի տարի անց նորմալ ընտրությունների միջոցով Բ-ն պետք է փոխանցի իշխանությունը  Գ-ին: Մենք պետք է ապահովենք այդ անցնցում փոխանցումը և այն ժամանակ, ես հույս ունեմ, որ մենք պետք է ունենանք այն իշխանությունը, որը պատկանում է մեր ժողովրդին և այն ժամանակ՝ Հովհաննիսյան լինի, Փաշինյան լինի, մեկ ուրիշ լինի, մենք պետք է ունենանք հավաքական պատասխանատվության իշխանություն, և Հայաստանը պետք է լինի մրցունակ, առաջատար մեր տարածաշրջանում»: