Գագիկ Հարությունյանի «գիդը».օձը տաքացնողին է կծում

Ստացվում է, որ մարդը տարիներ շարունակ օգտվել է այս կառույցի ընձեռած հնարավորություններից, օգտվել իշխանության կերակրամանից, բայց այսօր որոշել է թույն ընդդիմադիր խաղալ եւ արշավել երբեմնի յուրայինների դեմ

Ազգային ժողովը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն է սկսում: Թե ինչ հիմքերով ու ինչպես, դա հայտնի է միայն նոր իշխանիկների իրավաբան կոչվող խմբակին ու պատվերն իջեցնող բարձրագույն ղեկավարությանը: Միայն փաստենք, որ ճակատագրի հեգնանքով, թե սեփական կամքով այդ գործի քավորությունն անելու է Վլադիմիր Վարդանյանը: Ովքեր տեղյակ չեն Վարդանյանի կենսագրությանը, ներկայացնենք. նա 2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016թթ.՝ նույն ծառայության պետ: 2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական: Իսկ գործնականում Վլադիմիր Վարդանյանը եղել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի թարգմանիչը օտարերկրյա այցերի ժամանալ, ավելին, նա եղել է Գագիկ Հարությունյանի «գիդը», որն անբաժանելիորեն ուղեկցել է նրան ամենուր, օգտվել պետական բյուջեի բարիքներից, շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, տաքուկ ու հարմարավետ տեղավորվել նախկինների շուքի տակ, իսկ այսօր գործընթաց է սկսել նույն կառույցի, ավելի ճիշտ այն նախկինների հետ, որոնց հետ ինքը ճանապարհ է անցել, որոնց հետ եթե կուզեք՝ իրենց տրամաբանությամբ հանցակցել է, Սահմանադրությունը կարել է Սերժ Սարգսյանի, Հրայր Թովմասյանի հագով եւ այս ողջ տարիներին նա ձայն-ծպտուն չի հանել, նա չի ասել, որ այնիսի օրենքներ են գրվել, որ այսինչը հավերժ պաշտոնավարի, այնինչը՝ դառնա անձեռնմխելի եւ այլն:

Բայց թավշյա հեղափոխությունից հետո բախտի բերմամբ, ավելի ճիշտ քավոր Արարատ Միրզոյանի միջոցով խորհրդարան սողոսկած սույն անձնավորությունը որոշել է, որ ՍԴ-ի դեմ պետք է իրավական գործընթաց սկսեն: Այս անձնավորությունը, որին ոչ օրենսդիր կարելի է համարել, քանզի անչափ հեռու է այդ աշխատանքից, ոչ նորմալ իրավաբան կարելի է համարել, այլապես չէր տրվի քաղաքական որոշումներին եւ Սահմանադրությունն ու օրենքները չէր մեկնաբանի իշխանությանը հարմար ասպեկտով, նա նույնիսկ միջազգային իրավունքի մասնագետ չէ, այլ շատ նեղ՝ Հայոց ցեղասպանության իրավական հարցերի մասնագետ, հանկարծ որոշել է մի մեծ բեռ դնել շալակին ու շարժվել առաջ՝ մոռանալով, թե ինչ է լինում սովորաբար, երբ նվազ կարողություններով մարդիկ գերքաշայիններին համապատասխան ծանրաձող են բարձրացնում: Ստացվում է, որ մարդը տարիներ շարունակ օգտվել է այս կառույցի ընձեռած հնարավորություններից, օգտվել իշխանության կերակրամանից, բայց այսօր որոշել է թույն ընդդիմադիր խաղալ եւ արշավել երբեմնի յուրայինների դեմ: Ինչպես ժողովրդական առածն է ասում՝ օձը տաքացնողին է կծում:

Անի Սահակյան

hayeli.am