«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կրկին հարցաքննության է հրավիրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն ծանուցումով հարցաքննության է հրավիրել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը պարզելու նպատակով նախ դիմեց Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին` հարցնելով, թե արդյոք Բակո Սահակյանը ստացել է ծանուցում հարցաքննության ներկայանալու համար: Դավիթ Բաբայանը պատասխանեց, թե տեղյակ չէ:
Թեեւ նախաքննական մարմինը հրաժարվեց պատասխանել` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին կանչել են հարցաքննության, թե ոչ, արդյոք Սամվել Կարապետյանը եկել է նախաքննական մարմին եւ, ի վերջո, հաջողվեց արդյոք Վիտալի Բալասանյանին ՀՔԾ-ում հարցաքննել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի անջատված մասով քննությունից:
Մասնավորապես, օրաթերթը պարզել է, թե նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով քննությունը կոնկրետ ինչ ուղղությամբ է տանում: Մեզ հասած տեղեկություններով` հարցաքննության հրավիրած անձանցից հետաքրքրվել են, թե Արցախից եկած զորամիավորումներին որտեղից եւ ինչ զենք են տվել, ինչ գումար են բաժանել:
Մեզ հասած լուրերով` հարցաքննվածները նախաքննական մարմնի հարցերին պատասխանել են, թե Արցախում պայմանագրային զինծառայողներ են եղել, որոնք մարտի 1-ին 2-ին աշխատավարձ պիտի ստանային, սակայն չեն ստացել, որովհետեւ Երեւանում ծավալված իրադարձությունների հետ կապված նրանց բերել են մայրաքաղաք:
Ուստի այն գումարը, որ տվել են Երեւանում, եղել է իրենց հասանելի աշխատավարձը, որը չէին հասցրել ստանալ Արցախում: Սակայն նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը փաստեր ունի, որ պայմանագրայիններին իրենց հասանելիք աշխատավարձից շատ ավելի գումար են տվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments