Սովորական եւ էլեկտրոնային ծխախոտ ծխելը քնի որակը վատթարացնում է, պարզել է Օկլահոմայի պետական համալսարանի ամերիկացի գիտնականների խումբը, հայտնում է Journal of Sleep Research-ը:
Մասնագետները փորձ են անցկացրել, որին մասնակցել են 1664 ուսանողներ, որոնց 29 տոկոսը սովորական ծխախոտ է ծխել, 41 տոկոսը նախընտրել է վեյփը, իսկ 30 տոկոսը ընդհանրապես չի ծխել:
Պարզվել է, որ ծխողները եւ վեյփերները քնի հետ կապված խնդիրներ ավելի հաճախ են ունեցել, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն ծխել: Ընդ որում՝ էլեկտրոնային սարքերի սիրահարները բոլորից ավելի հաճախ են քնաբեր դեղամիջոցներ օգտագործել:
Գիտնականների խոսքով՝ հետազոտությունը կարեւորվում է՝ կապված վեյփի մեծ տարածվածության հետ, հատկապես երիտասարդների շրջանում:
«Քանի որ մենք պարզել ենք, որ էլեկտրոնային ծխախոտի անգամ ոչ ամենօրյա գործածումը կապված էր քնի վատթարացման հետ, սա կարող է ցույց տալ կանխարգելման օգուտը»,- ընդգծել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Էմմա Ի.Բրեթը:
Նրա խոսքով՝ օրգանիզմի վրա էլեկտրոնային ծխախոտի գործածման բացասական ազդեցությունն ապացուցում է, որ վեյփն առողջության համար վտանգավոր է:
0Comments