Ամուլսարի հարցը խմբակցության որոշելու հարցը չէ

Այսօր Իմ քայլը խմբակցությունը նիստ էր անցկացնում, քննարկվել են օրակարգային հարցեր, որոնց մեջ էր կանոնադրության փոփոխության, ԲԴԽ անդամի և վերջին օրերին աղմուկ հանած Ամուլսարի շահագործման հարցը

Քննարկվել են օրակարգային հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, Իմ քայլը խմբակցությունը նիստ էր անցկացնում:

Սիմոնյանը հայտնեց, որ քննարկվել է ԲԴԽ անդամին, կանոնադրության փոփոխությանը, սկսվող նստաշրջանին վերաբերող հարցեր:

Ինչ վերաբերում է Ամուլսարին, Սիմոնյանն ասաց, որ հարցը մասնագիտական դաշտում է, տարբեր պատգամավորների կարծիքները հարցնելով որևէ բան չի փոխվում, հարցը մասնագետների ոլորտում է. «Խմբակցության ներսում կարող են լինել զուտ քննարկումներ, թե ով ինչ կարծիք ունի, քանի որ հարցը ԱԺ որոշելու տիրույթում չէ: Հարցը խմբակցության որոշելու հարցը չէ, իսկ եթե գա Ազգային ժողովը, կքննարկենք»:

Հարցին՝ խմբակցությունն արդյո՞ք  միասնական դիրքորոշում չի հայտնելու, Սիմոնյանն ասաց, որ Իմ քայլը խմբակցության կառավարությունը, վարչապետն այսօրվա գործող ուժերն են. «Ես, ինչպես նաև իմ գործընկերները, լիակատար աջակցություն ենք հայտնում մեր վարչապետին: Հարցը գտնվում է քննարկման փուլում: Երբ որոշում լինի, մեր կարծիքը կասենք: Այսօր կառավարությունն է որոշում, թե ինչ է լինելու: Եթե կլինի  մի փորք մտավախություն, որ դա կարող է վնաս պատճառել թեկուզ մեկ լիտր ջրին, քննարկման բան չի լինի»: