Գագիկ Խաչատրյանը ձերբակալված չէ, բայց բերման կենթարկվի. Վանեցյանը մանրամասներ է հայտնում

Խուզարկությունը շարունակվում է, դրանից հետո Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ

Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Գագիկ Խաչատրյանին:

Րոպեներ առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ Խաչատրյանին  չեն ձերբակալել. «Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտը քննչական գործողություններ է կատարում, խուզարկություններ են կատարվում Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»:

Վանեցյանն ասաց, որ խուզարկությունը շարունակվում է, դրանից հետո Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ, ապա քննչական դեպարտամենտը կներկայացնի ամեն ինչ:

Հարցին, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, Վանեցյանն ասաց, որ գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է:

Խոսքը վերաբերում է Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցածին. «Չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով: Դա քննչական դեպարտամենտի գործառույթն է»:

Խուզարկության մասին Վանեցյանը որևէ բան չասաց, դա նախաքննության գաղտնիք է, երբ ժամանակը լինի, ամեն ինչ կլուսաբանվի:

Նշենք, որ մինչ այսօր Խաչատրյանը մի քանի անգամ կանչվել ԱԱԾ և հարցաքննվել է որպես վկա: