«Մասնագետները խորհուրդ են տալիս՝ երբ կայքում կաճ Ֆեյսբուքում մարդիկ մեկնաբանություն են գրում ձեր նյութի տակ, պատասխանեք նրանց՝ այդպիսով խրախուսելով բանավեճ և, վերջին հաշվով, ավելացնելով ձեր նյութի դիտումների քանակը:
Խորհուրդը, հավանաբար, հիմնված է արևմտյան դասագրքերի, սեմինարների և թրեյնինգների վրա ու ենթադրում է բանավեճի որոշակի մշակույթ: Բայց Հայաստանում, հայ իրականության մեջ մեկնաբանություններին պատասխանելը, որպես կանոն, կհանգեցնի անպտուղ լեզվակռվի՝ անձնավորված մեղադրանքներով: Ես իսկապես չգիտեմ, թե ինչ պիտի պատասխանեմ, մասնավորապես, aгavot.am կայքում մեկնաբանություններին: Որովհետև, անկախ նրանից, թե ինչի մասին եմ ես գրում [թեկուզ ֆուտբոլի), մեկնաբանությունները սովորաբար այն մասին են, թե որբան վատն են 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահները և ներկայիս վարչապետը: Կա՜ճ նրանցից մեկը, կա´մ 2-3-ը, կամ երբեմն նաև՝ չորսը միասին: Ինչ բանավեճ կարելի է հրահրել դրա շուրջ:
Ես պատմաբան չեմ, որ ընթերցողների հետ վիճեմ՝ այս մեկը ազգի դավաճան է, թե դավաճան չէ: Ես նաև դատավոր չեմ, որ վճռեմ՝ սա հանցագործ է, սա հանցագործ չէ: (Եվ, ի դեպ, հիշյալ անձանցից որևէ մեկի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա): Եվ ընդհանրապես՝ եթե ես նման դատողություններ անեմ, ապա կդառնամ քաղաքական պայքարի կողմ, քանի որ մեր երկրում հիշյալ պայքարը ծավալվում է հիմնականում այդ չորսի ֆանատների և ատողների միջև, իսկ կողմ դառնալը հակասում է լրագրության մասին իմ պատկերացումներին:
Հասկանում եմ, որ մարդիկ իրենց հույզերն են պարպում, և իրենց կուռքին փառաբանելով կամ իրենց «հակահերոսին» փնովելով, հովացնում են իրենց սրտերը, գուցե նաև՝ կարծում են, թե պայքարում են արդարության համար: Դեմ չեմ՝ Աստված բոլորին առողջություն տա: Պարզապես ես իմ տեղը չեմ տեսնում այդ բանավեճում:
Նույն պատճառներով ես չեմ կարող կողմ դառնալ անգամ այն դեպքում, երբ բանավիճում են բարձր ինտելեկտի տեր մարդիկ և իմ բարեկամները: Վերջերս, օրինակ, իմ ընկերները ֆեյսբուքյան տարածքում վիճեցին Վանո Սիրադեղյանի մասին: Որքան էլ ես հարգեմ Վանոյին և շնորհակալ լինեմ նրան «Առավոտ» թերթը հիմնելու համար, ես չեմ կարող լինել նրա փաստաբանը: (Հիշում եմ, դատավարության որոշակի փուլում այդ դերն էր ստանձնել լուսահոգի Ռուբեն Ռշտունին):
Բնականաբար, չեմ կարող և չեմ ուզած լինել նաև մեղադրողի դերում: Ինձ թվում է, լավագույն լուծումը կլինի այն, որ նա վերադառնա Հայաստան և դատավարությունը շարունակվի:
Եթե դատարանը Վանոյի արարքների մեջ հանցակազմ չգտնի, շատ լավ: Եթե գտնի, ապա, եթե ես լինեի որոշում ընդունողների տեղը, նրան անմիջապես ներում կշնորհեի, հաշվի առնելով այդ գործչի թե´ տարիքը և թե´ ծառայությունները: Բայց մտնել մեղադրանքների և արդարացածների դաշտ, կարծում եմ, իմ առաքելությունը չէ:
Չէ, ինձ մոտ չի ստացված բանավեճ բորբոքել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում:
0Comments