Երեւան-Սեւան ավտոճանապարհը երկկողմանի երթեւեկելի է. ԱԻՆ

Պայթյունի հետեւանքով վնասվել են «Patriot Nissan» եւ «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները

Երեւան-Սեւան ավտոճանապարհը, որտեղ օգոստոսի 2-ին, «Արծվի» արձանի մոտակայքում տեղի էր ունեցել պայթյուն, այժմ  երկկողմանի երթեւեկելի է։ Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն։

Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով ճանապարհի երթեւեկելի հատվածում առաջացել է մոտ 0.6 մ խորությամբ, 1.5 մ լայնությամբ եւ մոտ 5 մ երկարությամբ փոս:

Պայթյունի հետեւանքով վնասվել են «Patriot Nissan» եւ «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները:

Ըստ տեղեկությունների՝ Range Rover-ը պատկանում է «Շշի Մելո» մականվամբ հայտնի  Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։