Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ անհայտ կորած զինծառայողի ծնողներին նշանակվել է նրանց հասանելիք ամենամսյա պարգեւավճարը

Դիմումատուները մի քանի անգամ դիմել էին պետական լիազոր մարմնին՝ իրենց կարգավիճակով պայմանավորված համապատասխան սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու համար, սակայն ստանում էին բացասական պատասխան

Անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողները, դիմելով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների  պաշտպանին, տեղեկացրել են, որ 1998թ. իրենց որդին զորակոչվել էր ԼՂՀ զինված ուժեր եւ ծառայության ընթացքում անհայտ կորել:

Ըստ դիմումատուների՝ իրենց որդին համարվում է զոհված (մահացած) զինծառայող,  քանի որ դեպքը տեղի է ունեցել նրա պարտադիր ժամկետային զինվորական  ծառայության ժամանակահատվածում, եւ  առկա է 2008թ. դատարանի վճիռ, որն իրենց որդուն ճանաչել է զինվորական ծառայության ընթացքում մահացած: Այդ իսկ պատճառով իրենք պետք է համարվեն զոհված (մահացած) զինծառայողի ծնողներ եւ պետք է ստանան համապատասխան սոցիալական վճար:

Դիմումատուները մի քանի անգամ դիմել էին պետական լիազոր մարմնին՝ իրենց կարգավիճակով պայմանավորված համապատասխան սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու համար, սակայն ստանում էին բացասական պատասխան:

Դիմումատուները խնդրել են Պաշտպանին վերականգնել իրենց խախտված իրավունքները, որպեսզի զոհված (մահացած) զինծառայողի ծնողների կարգավիճակով պայմանավորված օգտվեն իրենց հասանելիք համապատասխան սոցիալական աջակցությունից:

Նշված հարցի վերաբերյալ Պաշտպանը հարցումներ է կատարել պետական լիազոր մարմիններին, ստացել համապատասխան պարզաբանումներ եւ նյութեր, այնուհետեւ ուսումնասիրվել են առկա փաստաթղթերն ու իրավական կարգավորումները: Գործի համակողմանի ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքների հիման վրա՝ Պաշտպանը պետական լիազոր մարմնին ներկայացրել է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ եւ առաջարկություններ, ինչի արդյունքում հարցը ստացել է դրական լուծում:

Այսպիսով, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության արդյունքում վերականգնվել են  անհայտ կորած (մահացած) զինծառայողի ծնողների տարիներ շարունակ խախտվող իրավունքները, եւ նրանց  նշանակվել է ամենամսյա պարգեւավճար՝ յուրաքանչյուրին 31,000-ական  (երեսունմեկ հազարական) դրամի չափով: