Թրամփն ակնարկել է Պենտագոնի բյուջեի զգալի ավելացման հնարավորության մասին

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բյուջեին հինգշաբթի երեկոյան։ Քվեարկությունը Սենատում տեղի կունենա հաջորդ շաբաթ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է պաշտպանության նախարարության բյուջեի զգալի ավելացման հնարավորության մասին։ Նա այդ մասին ասել է Մարկ Էսփերի՝ Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնն ստանձնելու ժամանակ ունեցած ելույթում, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

«...Մեր բյուջեն ավելացել է միլիարդավոր դոլարներով անցած տարիների համեմատ։ Հետո ես այն հասցրի 716 մլրդ-ի։ Եվ ես չեմ ասի ձեզ (նոր) բյուջեի մասին։ Կարող եմ միայն ասել, որ այն անգամ ավելի շատ է»,- ասել է նախագահը։

Սպիտակ տան բյուջեի հայտում Պենտագոնի կարիքների համար հատկացվում է 738 մլրդ դոլար 2020 թվականին  եւ գրեթե 741 դոլար 2021-ին։

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բյուջեին հինգշաբթի երեկոյան։ Քվեարկությունը Սենատում տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Պենտագոնում ելույթի ժամանակ նախագահն ասել է, որ կցանկանար պաշտպանության նախարարությանն ավելի շատ միջոցներ հատկացնել, որպեսզի «երաշխավորի ամերիկյան գերազանցությունը ռազմական հակամարտությունների բոլոր գոտիներում», գրում է news.am:

«Մենք կստեղծենք նոր տանկեր, նավեր, սուզանավեր, ինքնաթիռներ եւ հրթիռային համակարգեր, որպեսզի մեր զինվորներն ունենան անգերազանցելի հնարավորություններ ցանկացած հակամարտությունում։ Մենք շատ ենք կատարելագործել միջուկային (զինանոցը)... Տա Աստված, որպեսզի մենք երբեք չօգտագործենք այն»,- ասել է Թրամփը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը «կհաղթի բոլոր մարտադաշտերում»։