Նախկին բնապահպանության նախարարը 8.25 մլն եվրոյով համատեղել է անհամատեղելին 2013թ-ին Սյունիքի մարզում ստեղծվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը, որը արժեցավ 8.25 միլիոն եվրո: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մեջ միացված են տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը, մոտ 80 հազար հա տարածք: Զուգահեռ սկսվել էր քարտեզագրվել և հստակեցվել «Արևիք» ազգային պարկի սահմանները, որն ի դեպ մինչև հիմա չի էլ ավարտվել:
Դեռևս 2013թ-ին պետք է ուսումնասիրվեր հարևան համայնքերի սոցիալ-տնտեսական վիճակը, համալիրի սահմանների քարտեզագրումն ավարտված չէր, համալիրի կանոնադրությունը չկար, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում չկա «կենսոլորտային համալիր» սահմանումը, որին կհամապատասխաներ նրա կարգավիճակը և պահպանման ռեժիմը:
Analitik.am-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ ներկայումս իրականացվում են Արևիք ազգային պարկի և Բողաքարի պետական արգելավայրի սահմանների ճշգրտման աշխատանքներ, քարտեզագրում:
Արամ Աղասյանը նաև նշեց, որ խնդիրներ է տեսնում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի առնչությամբ. նախ Սյունիքի մարզի ռելիեֆի բարդությունը, օրինակ Մեղրու և Կապանի տարածաշրջանները միմյանցից 80-90 կմ հեռու են և այստեղ օպերատիվ կառավարման խնդիրներ կան:
Analitik.am-ի հարցին` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը կբաժանվի՞, Արամ Աղասյանը պատասխանեց, որ այդ հարցը քննարկման փուլում է գտնվում, սակայն կառուցվածքային փոփոխություններ հաստատ կլինեն. տեղերում պետք է ավելի շատ ինքնուրույնություն տալ:
Նշենք, որ Հայանտառ ՊՈԱԿ-ը ևս ընդգրկվել է Շրջակա միջավայրի նախարարության կազմում, իսկ մինչ այդ գյուղնախարարության կազմում էր, Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ էր Հատուկ պահպանվող տարածքները:
Նա նաև հիշեցրեց, որ Հայանտառ ՊՈԱԿ-ը տարբեր մասնաճյուղեր ունի մարզերում, որը, ըստ նրա, արդյունավետ չի կառավարման առումով, մյուս կողմից նկատեց, որ ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված են 13 արգելավայրեր. 27 արգելավայրից 13-ը Հայանտառի կազմում է:
Թեև ՀայԱնտառը կառավարվում է անտառային օրենսգրքով, իսկ Հատուկ պահպանվող տարածքները ունեն օրենք, սակայն համատեղ կառավարումը, ըստ Արամ Աղասյանի, խնդիր չէ: «Մեկ կառույցի մեջ լինի և անտառ, և պահպանվող տարածք՝ յուրաքանչյուրը իր ռեժիմով է առաջնորդվելու, այս տեսանկյունից ընդամենը կառավարման խնդիրն է, ամեն մեկը կունենա իր պահպանության ռեժիմը»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարության ներակայացուցիչը:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի պահպանվող տարածքներին հարող համայնքներում սոցիալ-տնտեսական ծրագրերին, որոնք ընթացքի մեջ են, Արամ Աղասյանը նշեց, որ Պահպանվող տարածքների աջակցություն ծրագիրը իրականացվում է նաև Վրաստանում և Ադրբեջանում:
«Սա այն հազագյուտ ծրագերից է, որ ռեալ ներդրումներ է իրականացնում, սկսած պատուհանների փոխելուց մինչև լուսավորություն: Համայնքների հետ շփումներից տեսնում ենք, որ վստահություն և հավատ կա ծրագրի նկատմամբ»,- ասաց նա:
«Ի սկզբանե ծրագիրը միտված էր կենսոլորտային պահպանավայր ստեղծելուն, սակայն հետո եկան այն եզրահանգման, որ դրա համար դեռևս չկան համապատասխան նախապայմաններ, կենսոլորատային պահպանավայրն առանձին մոդել է, որն ուղղորդվում է դեպի էկոլոգիական կառավարում. միջուկ, որ իրենից պետք է ենթադրեր պահպանվող տարածք, բուֆերային գոտի և այլն և ավելի նպատակահարամար է աջակցել պահպանվող տարածքներին կից համայնքներին՝ երեք բաղադրիչով՝ սոցիալ-տնտեսական, իրազեկության բարձրացման, պահպանվող տարածքների հզորացման»,- ասաց Արամ Աղասյանը:
Նա նաև վստահ էր, որ աջակցելով պահպանվող տարածքների հարակից համայնքներին, լուծելով այդ համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրները, լուծում են ստանում նաև պահպանվող տարածքների խնդիրները:
0Comments