Կարդացի Արփինե Հովհաննիսյանի մեկնաբանությունն այն մասին, որ Ոստիկանությունը 6-րդ վարչության ողջ ռեսուրսները դրել ու թաքուն փորփրում է Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների անցյալը:
Ես ամեն հաջորդ օր ավելի ու ավելի եմ զարմանում, թե մարդիկ ինչքան անտեղյակ կարող են լինել, թե ինչ հետևանքներ կարող են առաջանալ Սահմանադրական դատարանի հետ քարեդարյա կեղտոտ խաղեր խաղալուց: Բայց դա դեռ մի կողմ, մի այլ բան է ինձ նաև հետաքրքրում:
Այդ ու՞մ անցյալում եք ինչ փնտրում,
Հրայր Թովմասյանի՞՝ իր Սասունից ու Մուշից գաղթած ապուպապերից սկսած, շատ ման մի եկեք, ես կասեմ. 12 տարեկանում ծխել է ու պապը բռնացրել է, խոստացել է, որ էլ չի ծխելու, խոստումը պահել է, երկու հայկական պետությունների Սահմանադրությունների մշակմանն է մասնակցել, Ընտրական օրենսգրքի, Երևանի մասին օրենքի, Հանրաքվեի մասին օրենքի, Վարչական Դատավարության օրենսգրքի, վարչական վարույթի մասին օրենքի ու մի քանի այլ օրենքների հեղինակ ու համահեղինակ է եղել, որևէ պետական պաշտոն չզբաղեցնելով: Առաջին աշխատավարձն էլ 13 տարեկանում է ստացել: Որոշ դրվագներ էլ կան 23 տարեկան Հրայրի ու Վանոյի հետ կապված, դա էլ կպատմեմ մի օր:
Ու՞մ անցյալն եք փորփրում, Ֆելիքս Թոխյանի՞, ով ոմանց քաշով մեկ գիտական հոդվածներ ու գրքեր ունի գրած, ում ղեկավարությամբ 80 ավելի մարդ գիտությունների թեկնածու է դարձել, ում ստացած ամենամեծ «կաշառքը» գործընկերների հետ խմած կոնյակը կարող է եղած լինել:
Ու՞մ հետևից ենք ընկել, Ալվինա Գյուլումյանի՞, ով դեռ սովետական տարիներին Գերագույն դատարանի անդամ էր ու իր անկաշառության մասին ողջ հանրապետությունն էր խոսում, ում ձեր կնքահայր Վանոն էր փորձում կաշառել ու չկարողացավ, ում հեղինակությունը Եվրոպական կառույցներում այսօր անգամ իշխանության ներկայացուցիչների 80 տոկոսին միասին վերցրած հեղինակությունից բարձր է:
Ու՞մ հետևից եք ընկել, Արևիկ Պետրոսյանի՞, ով 21 տարեկանից պետական ապարատում է, ով որտեղ եղել է, համակարգ է ստեղծել, ում թասիբին ու շիտակությանը 100-ավոր տղամարդիկ երանի կտան, ում ոչ ոք չի կարողացել «կոտրել», փորձեր եղել են:
Ու՞մ հետևից ենք ընկել, Արայիկ Թունյանի՞, ով համեստ հանրային ծառայողի դասական օրինակ է, ով դասական գիտնականի դասական օրինակ է:
Ու՞մ հետևից եք ընկել, Արման Դիլանյանի՞, ով, եթե չգիտեք, Թովմասյանի հարևան գյուղից է, գնացեք դատական իշխանություն, փաստաբանական հանրություն ու ձեզ մի քանի տասնյակ անկաշառ դատավորների անունների մեջ առաջիններից Արման Դիլանյանինը կասեն:
Ու՞մ հետևից եք ընկել, Հրանտ Նազարյանի՞, մարդու, ով ժամանակին հրաժարվել է դատախազական ու ոստիկանական տասնյակ պաշտոններից, ով 23 տարի գլուխը կախ իր գործն է անում, ում գլխավոր մեղքը իննսունականների սկզբի սեփականաշնորհմանը, ալան թալանին մասնակից եղած չլինելն է:
Ու՞մ հետևից եք ընկել, Աշոտ Խաչատրյանի՞, ով 4-5 հազար ուսանողների սիրելի դասախոսն է, ով իր ճանապարհը սեփական աշխատանքով ու գիտելիքով է հարթել, ով այսօր էլ հայրենի գյուղում ապրուստը հոգալու համար հողի հետ կռիվ է տալիս:
Իսկապես, սթափվեք պարոնայք և ծանր իրավական հետևանքների մասին անգամ չկասկածեք:
Արսեն Բաբայան
0Comments