Երեւանյան «Ոսկե ծիրան-2019» կինոփառատոնում տեղի ունեցավ պրեմիերա։ Ներկայացվեց «Մեր ժամանակը» ֆիլմը, որի ռեժիսորը մեքսիկացի Կառլոս Ռեյգադասն է՝ այն նույն Ռեյգադասը, որը Կաննի փառատոնում «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի արժանացավ «Խավարից հետո լույս» ֆիլմի համար, նույն Ռեյգադասը, որին քննադատները հաճախ «նախատում» են ավելորդ կոշտության եւ իրատեսականության, մարդկային լրջագույն խնդիրների հանդեպ հեգնական վերաբերմունքի համար… Կարճ ասած՝ կյանքի ճշմարտություններն ազնվորեն ներկայացնելու համար...
Երեկ նրա արվեստի երկրպագուները հավաքվել էին KinoPark-ի դահլիճում։ Դիտումից հետո նա հաճույքով խոսեց հանդիսատեսի հետ։ Բայց այդ մասին ավելի ուշ...
Հետաքրքիր փաստ. Կառլոս Ռեյգադասը կինոռեժիսուրայով է զբաղվել ոչ անմիջապես։ Նա իրավունք է ուսումնասիրել Մեխիկոյում, այնուհետեւ դիվանագիտական ծառայության է անցել Լոնդոնում եւ Բրյուսելում։ Իսկ կինեմատոգրաֆիայի մեջ խորասուզվել է 2002 թվականին Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի ազդեցությամբ։ Առաջին իսկ «Ճապոնիա» ֆիլմով մասնակցել է Կաննի կինոփառատոնին՝ ստանալով «Ոսկե կինոխցիկ» մրցանակը։ Նրա հաջորդ 2 աշխատանքները 2005 եւ 2007 թվականներին մասնակցել են Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրին, ընդ որում՝ «Համր լույսը» 2007-ին արժանացել է ժյուրիի մրցանակին, գրում է news.am:
Ինչ վերաբերում է երեք ժամ տեւողությամբ «Մեր ժամանակները» կինոնկարին, ապա 2018 թվականի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում այն պայքարել է «Ոսկե առյուծի» համար՝ մրցակցելով Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմի հետ։ Մրցանակն այդ ժամանակ բաժին հասավ «Ռոմային», բայց կինոքննադատները Ռեյգադասի ֆիլմն անվանեցին «անհամաչափ պատասխան կատարելության չափանիշներին»։
Գլխավոր հնարքներից մեկը. ռեժիսորը կինոնկարում գլխավոր դերերը վստահել է ոչ թե պրոֆեսիոնալ դերասանների, այլ ինքն իրեն եւ իր կնոջը՝ իր ֆիլմերի մոնտաժող Նատալի Լոպեսին։ Զույգը մարմնավորել է ամուսիններ Խուանին եւ Էսթերին՝ մտավորականներ, որոնք հրաժարվում են քաղաքային աղմկոտ կյանքից եւ ընտանիքով տեղափոխվում խուլ ռանչո։ Ի դեպ, երեք հմայիչ երեխաները Ռեյգադասի եւ Լոպեսի զավակներն են... Ամուսինները միմյանց դիմում են ոչ այլ կերպ, քան «ամորե». նրանց հարաբերություններում նույնիսկ ինչ-որ սրտառուչ բան կա, եւ սկզբում բացարձակապես նկատելի չէ, որ նրանք ճգնաժամ են ապրում։ Ընդ որում՝ ֆիլմի կենտրոնական թեման ամուսնական դավաճանությունն է, դիտման առաջին կես ժամը հանդիսատեսը հետեւում է ընտանեկան իդիլիային. երեխաները խաղում են ցեխի մեջ, երջանիկ ծնողները կատարում են սովորական ընտանեկան պարտականություններ։ Միայն թե անհանգստությունը Խուանի դեմքին մատնում է խաբկանքը։ Յուրաքանչյուր սյուժետային պտույտից ակնհայտ է դառնում. ամուսինը սիրում է կնոջն այնքան ուժեղ, որ վախենում է կորցնել նրան։ Դրա համար էլ, երբ հորիզոնում հայտնվում է համակրելի ամերիկացի Ֆիլը, Խուանը որոշում է իրենց ամուսնությունը դարձնել ազատ։ Այո, նրան տանջում է խանդը, այո, նրա համար ցավալի է, բայց խնդրում է Ֆիլին Էսթերի համար լինել լավ սիրեկան...
Կառլոս Ռեյգադասի ներկայությունը «Ոսկե ծիրանում», համաձայնեք, ավելի քան նշանակալի իրադարձություն է։ Զարմանալի վարպետը նաեւ զուգորդվում է կուլտային ռեժիսորների «նոր մեքսիկական ալիքի հետ», ինչպիսին են Ալֆոնսո Կուարոնը, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Գիլյերմո դել Տորոն... «Մեր ժամանակը» ֆիլմի պրեմիերայից հետո Ռեյգադասը հայ հանդիսատեսի եւ լրագրողների հետ խոսեց առհասարակ կինոյի եւ արվեստի մասին... Պատմեց, որ իր ու ընտանիքի համար նկարահանման գործընթացը, ինչպես ասում են, հաճույք է։ «Մենք ասես՝ միասին արձակուրդ ենք գնացել»,- ասաց նա՝ նկատելով, որ միաժամանակ ռեժիսորի եւ դերասանի դերում լինելը իրականում հիմնականում թեթեւացրել է խնդիրը․ «Ես ստիպված չեմ եղել ինչ-որ բան բացատրել դերասաններին, ես հաստատ իմացել եմ՝ ինչ եւ ինչպես պետք է անել»։
Տարօրինակ է, բայց չնայած լուրջ հուզական պահերին ու որոշակի դրամատիզմին, ֆիլմը լիովին զուրկ է ճնշվածությունից եւ ողբերգականությունից... Սա կյանքն է՝ երբեմն հուսալքող շրջադարձերով, որոնցում, սակայն, չարժե փնտրել թաքնված իմաստ։ Ասենք՝ կինոքննադատներն արդեն հասցրել են «Մեր ժամանակներում» տեսնել ինքնակենսագրականության եւ ինքնավերլուծության տարրեր, թեեւ ինքը՝ Ռեյգադասը, նման սին ենթադրություններից եւ դատողություններից ամեն կերպ փորձում է խուսափել։ Եվ, ի դեպ, նկատեց, որ եթե ամուսնության մեջ դավաճանություն չկա էլ, ապա, գոնե, դավաճանության վախը հարաբերություններում առկա է միշտ, եւ դա, ըստ էության, խթանում է կյանքը։ Առանց պաթոսի, շինծու լրջության Ռեյգադասը խորհուրդ տվեց կինոնկարում չփնտրել փոխաբերական իմաստ, այլաբանություններ, ենթատեքստեր եւ բարոյախրատական ուղերձներ։ Նա առհասարակ չի սիրում բացատրել, թե ինչու։ Նրա առաքելությունը կինո նկարելն է. դիտեք, ունեցեք ապրումներ, ծիծաղեք, տխրեք, եզրակացություններ արեք ինքներդ... Իսկ ավելի լավ է՝ առհասարակ առանց դրա։
0Comments