Կրոնի հիվանդությամբ տառապող 20-ամյա պացիենտը երկարատեւ ռեմիսիայի մեջ է բուսական սննդակարգի շնորհիվ: Այս դեպքի մասին ներկայացված է Nutrients ամսագրում հրապարակված հաշվետվության մեջ
Պացիենտին, ում անունը չի հրապարակվում, ախտորոշել էին Կրոնի հիվանդություն, երբ մասնագետներին էր դիմել ուժգին փորացավերի, փքվածության եւ սրտխառնոցի գանգատներով, որոնք նրան երկար տարիներ տանջում էին:
Ներերակային դեղամիջոցներով մեկ տարվա բուժումից հետո պացիենտի մոտ ռեմիսիա է սկսվել: Հաջորդ տարի նա 40-օրյա կրոնական պասից հետո իր սննդակարգից բացառել է կենդանական ծագման եւ վերամշակված բոլոր մթերքները: Շուտով նա նկատել է, որ հիվանդության բոլոր ախտանշաններն անհետացել են, ուստի որոշել է հետեւել բուսական սննդակարգին (մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ եւ լոբազգիներ): Հաշվետվության համաձայն՝ սննդակարգը բերել է Կրոնի հիվանդության ամբողջական ռեմիսիայի, գրում է news.am:
Ավելին՝ էնդոսկոպիան ցույց է տվել, որ բարակ աղիի լորձաթաղանթը լիովին առողջացել է: Պացիենտն անգամ կարողացել է դադարեցնել դեղերի ընդունումը, նա երկար ժամանակ ապրում է առանց ռեցիդիվների:
«Այս կլինիկական դեպքը հույս է տալիս հարյուր հազարավոր մարդկանց, որոնք տանջվում են Կրոնի հիվանդության հետ կապված ցավոտ ախտանշաններից»,- նշել է հետազոտության համահեղինակ Հանա Կալեովան:
Կրոնի հիվանդությունը աղիների բորբոքային հիվանդություն է, որը դժվար է բուժվում. պացիենտների միայն մոտ 10 տոկոսն է հասնում երկարաժամկետ ռեմիսիայի՝ օգտագործելով ստանդարտ դեղեր եւ մոտ կեսը վիրաբուժական միջամտության կարիք ունի:
Հիվանդության ստույգ պատճառը հայտնի չէ: Կարծիք կա, որ դրա առաջացմանն է բերում գործոնների համադրությունը, այդ թվում՝ գենետիկան, շրջակա միջավայրի ազդեցությունը եւ իմունային համակարգի մեծ կարգավորումը:
0Comments