Մայրիկիս խոսքերն ինձ միշտ ուժ են տվել ու ինձ հաղորդել են սեփական արժանապատվության զգացում ու օգնել հավատալ ուժերիս։ Ահա թե նա ինչ էր ինձ ասում։
Դու գեղեցկուհի ես։
Սովորաբար նա դա ասում էր, երբ ես ինչ-որ լավ արարք էի կատարում, ճիշտ որոշում ընդունում կամ ցուցաբերում էի անկախություն ու կամքի ու բնավորության ուժ։ Նա դա ասում էր նույնիսկ այն ժամանակ, երբ ես լարված աշխատում էի, քրտնած էի, կեղտոտ ու թափթփված։ Նա ինձ սովորեցրել է, որ իսկական գեղեցկությունն իմ ներսում է ու դրսևորվում է իմ գործերում։ Իսկ արտաքին գեղեցկությունն այնքան էլ կարևոր չէ։
Դու հիանալի մայր կլինես։
Ես այս բառերն անընդհատ էի լսում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ նա ուզում էր ինձ տրամադրել մայրությանը, այլ որովհետև իմ մեջ տեսնում էր մի բան, որ այժմ ես ամեն օր եմ գիտակցում։ Ես ինձ կարող եմ դատարկված զգալ, տանջված, անհանգիստ ու տատանվել այս կամ այն որոշումը կայացնելիս, բայց ես երբեք չեմ կասկածում այն բանում, որ լավ մայր եմ։
Ես այնպես եմ ցավում, որ դու ստիպված եղար անցնել այդ ամենի միջով։
Իմ մայրը միշտ ուզում էր իմանալ իմ մտատանջությունների մասին։ Եվ անգամ, երբ նա ինձ չէր կարողանում հասկանալ, նա ինձ էր հայտնում իր աջակցությունն ու կարեկցանքը։ Կարեկցանքը կարեկցանք է ծնում, և մենք գիտենք, որ միայն այդ կարևոր հմտությունը ձեռք բերելով՝ մեր երեխաները կկարողանան ապագայում կառուցել նորմալ, առողջ հարաբերություններ այլ մարդկանց հետ։ Այդպիսի հարաբերությունները վստահության վրա են կառուցվում։
Ինչպե՞ս ես դու ուզում վարվել։
Իմ մայրը երբեք ցուցումներ չէր տալիս, թե ես ինչպես վարվեմ։ Երբ նրան թվում էր, թե ես դոփում եմ տեղում կամ ամենաճիշտ որոշումը չեմ կայացնում, ճնշման փոխարեն՝ նա ինձ հասկացնել էր տալիս, որ վստահում է ինձ։ Հետաքրքրվելով իմ գործերով՝ նա դրանով իսկ ինձ ցույց էր տալիս, թե իր համար որքան կարևոր են իմ մտքերն ու զգացմունքները։
Դու ինքդ կհասկանաս, թե որն է տվյալ իրավիճակում ճիշտ վարվելու տարբերակը։
Փորձելով գտնել ինչ-որ խնդրի լուծում՝ իմ մայրը միևնույն ժամանակ՝ ինձ ասում էր, որ վստահում է պատասխան գտնելու իմ ունակությանը։ Որոշում կայացնելու կարողությունը շատ կարևոր է ինքնահարգանք ձևավորելու համար, և իմ մայրը երբեք իմ եզրահանգումները քննադատության չէր արժանացնում։ Նա ինձ թույլ էր տալիս ինքս պատասխան տալ ինձ համար։ Նա միշտ աջակցում էր, նույնիսկ, երբ ես սխալվում էի, և միշտ իմ կողմից էր։
Ընկերներիդ հրավիրիր ներս մտնել։
Մեր տանը միշտ ուրախ էին ընկերներիս տեսնել։ Ընկերներս մեր տուն էին գալիս նույնիսկ այն ժամանակ, երբ ես տանը չէի լինում, քանի որ գիտեին, որ մայրիկս միշտ նրանց կհրավիրի ներս մտնել ու կառաջարկի ինչ-որ բան ուտել։ «Բաց դռների» այդ քաղաքականության միջոցով նա ինձ սովորեցրեց չանհանգստանալ այնպիսի մանրուքների մասին, ինչպիսին կատարյալ մաքուր տունն է կամ գերազանց պատրաստված կերակուրը։ Մարդիկ առաջին տեղում են։
Ես աղոթում եմ քեզ համար։
Իմ մայրիկը միշտ աղոթում էր ինձ համար։ Նա աղոթում էր իմ ընկերների, նրանց ծնողների ու բարեկամների համար։ Նա ինձ սովորեցրել է աղոթել իմ երեխաների համար, և դրա շնորհիվ ես այս աշխարհում ապրում եմ ինքս ինձ հետ ներդաշնակ։ Իսկ իմ երեխաներին աղոթքը հանգստության ու անվտանգության առանձնահատուկ ուժգին զգացողություն է տալիս։
Ես քեզ սիրում եմ։
Իհարկե, բոլոր մայրերն ասում են դա։ Իմ մայրիկն այդ բառերն անընդհատ էր կրկնում։ Եթե նա ինչ-որ այլ կերպ կարողանար իր զգացմունքներն արտահայտել, նա հենց այդպես էլ կաներ։ Բայց իմ մայրն ասում էր, որ սիրում է ինձ. ավելի ուժգին իր զգացմունքներն արտահայտել նա չէր կարող, թեպետ նույնիսկ հիմա ինձ թվում է, թե այդ բառերը չափազանց մեղմ են արտահայտում նրա ողջ ինքնազոհ սերն իմ հանդեպ։
Գնա, ուրախացիր։
Երբ ես երեխա էի, մենք միշտ շատ էինք ուրախանում, խաղում ու ծիծաղում։ Այժմ ես շատ եմ կարոտում այդ ժամանակները, հատկապես, երբ կյանքը ծանր ու անտանելի է դառնում։ Իմ մայրիկը մինչև այժմ էլ ինձ ասում է այդ բառերը, երբ ես երեխաներիս գիշերը թողնում եմ նրա մոտ։ Նա ինձ դռնից դուրս է հրում ու ասում՝ ոչ մի բանի համար մի անհանգստացիր։
Հետո ինձ հարցուփորձ է անում այն մասին, թե ինչպես եմ ես ուրախացել, մինչ նա պահում էր իմ երեխաներին։ Նա ուրախանում է իմ ուրախությամբ և այդպիսով ինձ ցույց տալիս, որ ես նրա համար բեռ չեմ, այլ երջանկություն։ Եվ իմ երեխաները նրա համար նույնպես մեծագույն երջանկություն են։ Եվ այդ ժամանակ իմ սիրտը պայթում է ուրախությունից, ասես ես իսկապես ինչ-որ լավ բան եմ արել։
Ես հպարտանում եմ քեզնով։
Այնքան մեծ երջանկություն է լսել, որ ինչ-որ մեկը հպարտանում է քեզնով, չնայած ամեն ինչին։ Եվ ես իսկապես հպարտանում եմ ինձնով։
Շնորհակալություն, մայրիկ։
0Comments