«Ես կխնդրեի պատերազմ հայտարարել այդ թշնամանք տարածողներին, հայհոյողներին, զրպարտողներին, դա կլինի իշխանության պաշտպանության դիրքերից, կլինի ընդդիմության դիրքերից՝ ընդդեմ իշխանության, երկուսն էլ մեծ թշնամիներ են, անկախ նրանից, թե ում են վիրավորում, ես չեմ պատկերացնում, որ հայը հայի մասին նման կերպ արտահայտվի»,- այսօր՝ հունիսի 6-ին, «Այլընտրանք» ՀԿ ներկայացուցիչներին, ովքեր ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Արցախի և արցախցու, ասաց Արցախի մշտական ներկայացուցիչը Հայաստանում՝ Կառլեն Ավետիսյանը:
Նա իր խոսքում նշեց, որ ինքն իրեն զգում է իր հայրենիքում, անկախ նրանից` Արցախում է, Հայաստանում, թե Գյումրիում: Նրա խոսքով` բոլորը պետք է լինեն պաշտպանված հավասարապես, իսկ բոլորիս հայրենիքը մեկն է ու բոլորին միավորողը պետք է լինի ընդհանուր գաղափարը, որ թշնամին գտնվում է սահմանից այն կողմ:
«Կենտրոնանանք միավորիչ գաղափարների վրա, իսկ միավորիչ գաղափարը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, մեր հայերնիքի պաշտպանություն է, դրանից մեծ գաղափար չկա: Այդ տեսանկյունից ես կցանկանամ, որ դուք ևս ձեր գործունեության մեջ թշնամիներ ման չգաք, նույնիսկ ձեր քննադատողներին, իհարկե, եթե չեն հայհոյում: Հայհոյողներին ընդհանրապես չպետք է պատասխանել, որովհետև այդպիսի մարդիկ, իմ կարծիքով, նույնիսկ արժանի չեն պատասխանի և զրույցի, հասարակությունն ինքը նրանց պատասխանը կտա»,- ասաց Ավետիսյանը:
0Comments