Ճապոնուհիները դեմ են բարձրակրունկներին

Արշավի մասնակիցների խոսքով՝ աշխատավայրում բարձրակրունկներ հագնելը ճապոնական շատ ընկերություններում գրեթե պարտադիր է

Ճապոնացի մի խումբ կանայք կառավարությանը միջնորդագիր են ներկայացրել՝ բողոքելով այն բանի դեմ, ինչը, նրանց խոսքով, դե ֆակտո կանանց համար աշխատավայրում բարձրակրունկ կոշիկ հագնելու պարտադիր պահանջ է, փոխանցում է AFP-ն:

#KuToo արշավը, որում ճապոներեն «kutsu» - «կոշիկ» եւ «kutsuu» - «ցավ» բառերի խաղ է, սկսել է դերասանուհի եւ գրող Յումի Իսիկավոն: Նա արագորեն ստացել է գրեթե 19 հազար մարդու աջակցությունը:

Արշավի մասնակիցների խոսքով՝ աշխատավայրում բարձրակրունկներ հագնելը ճապոնական շատ ընկերություններում գրեթե պարտադիր է:

«Այսօր մենք միջնորդագիր ենք ներկայացրել՝ օրենք մտցնելու կոչով, որով գործատուներին կարգելվի կանանց ստիպել բարձրակրունկներ հագնել, որպես սեքսուալ խտրականություն կամ ոտնձգություն»,- ասել է Իսիկավոն լրագրողներին աշխատանքի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Այս տարի ավելի վաղ հյուրանոցում աշխատելու համար բարձրակրունկ հագնելու անհրաժեշտության դեմ բողոքով Իսիկավոյի թվիթը վիրուսային էր դարձել, ինչը նրան մղել էր արշավ սկսել:

«Քանի որ ես հասկացա, որ շատերն են բախվում այս խնդրին, ես որոշեցի արշավ սկսել»,- ասել է նա: