Ի՞նչ է կատարվում. հակասական իրավիճակ Ղազախստանում

Ժամը 14.00-ի սահմաններում վարչապետի խոսնակը նշել էր, թե հանդիպումը այժմ ընթանում է, իսկ 14.25-ին հայտարարել, թե արդեն օդանավակայանի ճանապարհին են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կամ անտեղյակ է, կամ մոլորեցնում է հանրությանը։ 
Ինչպես հայտնել էինք, Ղազախստանում կայացած ԵԱՏՄ նիստին մասնակցելուց հետո Փաշինյանը չեղարկել է նախատեսված բոլոր հանդիպումները եւ վերադառնում է Հայաստան, պատճառն այն է, որ նիստից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է բոլոր երկրների ղեկավարների հետ, բացի Հայաստանից։ Մեր աղբյուրները հայտնել էին, որ Փաշինյանը չեղարկել է թե հայ գործարարների, թե հայ համայնքի հետ հանդիպումները, մինչդեռ խոսնակը նշեց, որ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէր, իսկ գործարարների հետ հանդիպումը կայացել է։ Իհարկե, տարօրինակ է, որ ժամը 14.00-ի սահմաններում Կարապետյանը նշել էր, թե հանդիպումը այժմ ընթանում է, իսկ 14.25 հայտարարել, թե արդեն օդանավակայանի ճանապարհին են, հայտնում է armdaily.am-ը։
Ինչեւէ, սա միակ հակասությունը չէ խոսնակի մեկնաբանություններում։ Պուտինի հետ չհանդիպելու մասին տեղեկության վերաբերյալ՝ Կարապետյանը հայտարարել է, թե նրա հետ հանդիպում նախատեսված չէր։
Մինչդեռ ավելի վաղ՝ մայիսի 17-ին, ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, թե մինչեւ հունիսի վերջ պատրաստվում է երկու անգամ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առաջին անգամ` Ղազախստանում մայիսի 29–ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, իսկ դրանից հետո մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ միջազգային տնտեսական համաժողով կանցկացվի, և հույս ունի, որ այնտեղ կրկին կհանդիպի Ռուսաստանի առաջնորդին։ Այս տեղեկատվությունը տարածվել էր թե ռուսական, թե հայկական լրատվամիջոցներում։ 
Դրանից բացի՝Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը եւս հայտարարել է, որ մայիսի 29-ին Նորսուլթանում նախատեսված են Փաշինյան-Պուտին երկկողմ բանակցություններ։ 
Այժմ վարչապետի խոսնակը պետք է պարզաբանի, թե ինչու եւ երբ է չեղարկվել Փաշինյան-Պուտին հանդիպումը, այլապես կստացվի, որ նա կամ անտեղյակ է, կամ մոլորեցնում է հանրությանը։