«Իմ քայլն» ասում է՝ ԱԱԾ-ն պետք է լրագրողներին մեզնից հեռու պահի, որ իրար վրա գոռգոռանք

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները թեժ քննարկում են անցկացրել խմբակցության նիստերից արտահոսքերի թեմայի շուրջ

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ԱԱԾ-ին առաջարկելով զբաղվել տեղեկությունների արտահոսքի խնդրով, փորձում են իրենց ոչ պրոֆեսիոնալիզմի պատասխանատվությունը այլոց վրա գցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Վարչապետը չի կարողանում մարդկանց համար աշխատատեղեր ապահովել, չի կարողանում տնտեսական աճ ապահովել, ասում է՝ մարդկանց գլխում է աղքատությունը։ Սա էլ իրենց խնդիրն է՝ մարդիկ չեն կարողանում ցածր խոսել, նորմալ խոսել, ասում են՝ ԱԱԾ–ն պետք է լրագրողներին մեզանից հեռու պահի, որ մենք իրար վրա գոռգոռանք»,–նշեց նա։

Քաղաքագետի համոզմամբ՝ ԱԱԾ–ն ավելի լուրջ հարցերով պետք է զբաղվի. «Նրանք չեն հասկանում, որ ԱԱԾ-ն իրենց ջեբի շունը չի, ԱԱԾ-ն զբաղվում է ազգային անվտանգությամբ։ Եթե ժամանակին իրենց մամաները իրենց չեն բացատրել, որ գոռգոռալով խոսել չի կարելի, այդ բացը ԱԱԾ-ն չէ, որ պետք է ուղղի»։

Դիտարկմանը, թե իշխանական խմբակցությունում շատ են լրագրողները, եւ սպասելի էր այլ վերաբերմունք լրագրողական աշխատանքին, Ենոքյանն ասաց. «Իրենք լավ լրագրողներ չեն եղել, իրենց թվում է, թե լրագրողներն ամենաթույլ օղակներն են, եւ նրանց հետ ինչպես ուզեն, կարող են վարվել»։

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ լրագրողները պետք է միավորվեն նմանատիպ հարձակումներին դիմագրավելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները թեժ քննարկում են անցկացրել խմբակցության նիստերից արտահոսքերի թեմայի շուրջ։

Քննարկման ընթացքում պատգամավորները լրագրողների աղբյուրները բացահայտելու տարբերակներ են առաջարկել: Մասնավորապես, Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ այս հարցով պետք է դիմել ԱԱԾ եւ պարզել, թե ով է «սլիվ» անողը: