Մի՞թե կարելի էր անհեթեթության վերածել պետբյուջեի վրա միլիոններ նստած Չինաստան այցը

Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ

«Երբ կարդացի Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այս լակոնիկ գրառումը՝ «Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ: Այցելությունները համարում եմ կա­րևոր և ստացված», ինձ մի պահ թվաց, թե հայտնվել եմ ծուռ հայե­լիների աշխարհում: Ակամա սկսեցի փորփրել հիշողությունս, որպեսզի մի դեպք հիշեմ համաշխարհային լի­դերների կյանքից, որոնք իրենց որևէ այց կամ շրջագայություն որակած լինեն «անկարևոր և չստացված»: Եվ պատկերացրեք՝ նման դեպք չի եղել ոչ մի պետության ղեկավարի կյանքում: Նրանց այցերը «կարևոր ու ստացված» են միշտ, և նրանք հարկ են համարում դրանց մասին խոսելիս այլ գնահատականներ տալ:

Փաշինյանի մեկտողանոց գրառման մեջ արտասովոր բան չկա, իհարկե, բայց կա զավեշտալի խոստովանություն այն մասին, որ նա իր ճանապարհորդությունը՝ «այցելությունները», ինչպես ինքն է ասում, համարում է «կարևոր»: Այ, սա իսկապես քաղաքական անգրա­գիտություն է, որ գրեթե չի պատա­հում համաշխարհային քաղաքական պրակտիկայում: 

Ամբողջ հարցն այն է, որ երկրի ղեկավարի «Ատելություննե­րի» կարևորությունը որոշվում է մինչև այցելությունը և ոչ թե այցելության ընթացքում կամ դրանից հետո: Տվյալ այցի կարևորությունից, նշանակությունից ու նպատակներից ելնելով էլ կազմավորվում է համապա­տասխան պատվիրակություն՝ համա­պատասխան մարդկանցով: 

Դիցուք, այս դեպքում հնարավոր չէ ասել, որ «Եվրասիա մայրցամաքի արևմտյան ափից մինչև արևելյան ափ» Փա­շինյանի այցելությունները նախապես են «կարևորվել»: Ավելի հավանական է թվում, որ այցի կարևորության մասին Փաշինյանը սկսել է մտածել միայն ինքնաթիռում, այլապես նրան ուղեկցող պատվիրակությունը բո­լորովին այլ, առավել մասնագիտա­կան կազմ կունենար: 

Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե մեր պետության հաշվին Չինաստանում ինչ կարևոր գործ ունեին վարչապետին ուղեկցող գլխավոր խորհրդականը, օգնականը, աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը, նույն բաժնի գլխա­վոր մասնագետը, արարողակարգային միջոցառումների պատասխա­նատուն, արարողակարգի բաժնի խորհրդականը, արտաքին գործերի նախարարի պետական արարողա­կարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդը, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը, 7 թիկնապահները, Աննա Հակոբյանը, Աննա Հակոբյանի խորհրդականն ու վարսավիրը...

Մեր հեռուստատեսություննե­րին կհորդորեի ամեն անգամ՝ առիթ-անառիթ, «Սարոյան եղբայրներն» ու «Երաժշտախմբի տղաները» ցուցադրելու փոխարեն, ցուցադրեին «Հարսնացուն հյուսիսից»-ը և «Ոսկե ցլիկը», որոնք բա­վականին ուսուցողական կարող են լինել այս կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար: Չէ, դուք տեսեք՝ կառավարությունում ինչքան շաշկի խաղացող կա, Փաշինյանը հավաքել, հետը տարել է Պեկին՝ ցուցահանդես: Նաջարյանը, մինչդեռ, կբարկանար նրանց վրա՝ ես ձեզ աշխօր եմ տալիս, որ դուք շաշկի խաղաք... Բա որ հորթերը սատկեն, ձեզ պիտի՞ տանեմ ցուցա­հանդես... Դե իսկ Մուրադը համարյա կատաղեց, երբ իմացավ, որ գյուղի կեսը գյուղատնտեսական աշխա­տանքների, վարուցանքի այդ օրե­րին պատրաստվում է իր հետ շատ կարևոր առաքելությամբ մեկնել Ռուսաստան՝ աղջիկ ուզելու: Ասում էր՝ այ մարդ, էլ էսքան մարդու ինչո՞ւ աշխատանքից կտրենք: Առավոտը կգնամ, իրիկունը կվերցնեմ, կբե­րեմ... Մուրադը նույնիսկ անհարմար էր զգում ասել՝ ես ու Արուսը կգնանք: Ներկաները պետք է գլխի ընկնեին, որ երբ նա ասում է «ես»՝ Արուսը հետն է: 

Հիմա մենք Աննայի շրջագա­յությունների մասին բան չասինք, որ Փաշինյանը շտապել է այդպես կարևորել Բրյուսել-Պեկին երթուղով այս տուրը: Ի վերջո, բոլորս էլ գի­տենք, որ «Բադ պեկինյան ձևով» ուտեստը շատ է զիջում հայկական խորովածին, և հաստատ բադի հա­մար չէ, որ Աննան մեկնել է Պեկին: Բայց մի՞թե կարելի էր ճոխ ու ոչինչ չասող այդպիսի պատվիրակությամբ Չինաստանի նման երկրի ղեկավարությանը ներկայանալ և անհեթեթության վերածել պետբյուջեի վրա միլիոններ նստած այցը»,-գրում է թերթը: