medialab,am-ը գրում է. «Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկեց Մարտի 1-ի գործով առաջին դատական նիստը: Դատարանի բակում լարված իրավիճակ էր ստեղծվել. միջադեպ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև. նրան շշով հարվածեցին, պաստառը պատռեցին: Գասպարին գոռում էր՝ «Ռոբիկ, սրիկա, Ռոբիկ, մարդասպան»:
Տեղի ունեցած բախման արդյունքում ոստիկանությունում այս պահին կա բերման ենթարկված 4 անձ, որոնցից մեկը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն է՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարսանիքի քավորը: Շրջանառվող լուրերի համաձայն նա փորձում է միջնորդել քավորին ոստիկանությունից «չոր» դուրս բերելու համար: «Մեդիալաբի» հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ մի քանի օր է՝ Մոսկվայում է և Հայաստան կվերադառնա միայն այսօր:
«Տեղի ունեցածի հետ կապված որևէ մեկի հետ զրույց չեմ ունեցել, որևէ մեկը օրենքի առաջ առավելություն չունի, և մեր երկրում այլևս որևէ մեկը չի կարող միջնորդել որևէ մեկի համար: Այն մարդիկ, որոնք նման բաներ են ասում, իրենց չափանիշներով թող ինձ չգնահատեն»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:
Երեկ դատարանի բակում տեղի ունեցած միջադեպը Ալեն Սիմոնյանը դատապարտեց և բացասական գնահատեց:
Հարցին՝ Ձեր քավորն է, վատ չե՞ք զգում, պատասխանեց. «Իմ քավորն է, իհարկե վատ եմ զգում, որովհետև ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար: Չնայած արդեն մեկ տարուց ավելի է՝ մենք չենք շփվում, այնուամենայնիվ, ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար որևէ մեկի հանդեպ»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:
0Comments