Օրիորդ, Դուք զբաղվեք Ձեր գործով.Բաբայանի պատասխանը չուշացավ

Օրիո՜րդ, վառելիքի տնտեսումից, մրցույթներից ու բյուջեից խոսելը թողեք այնպիսի մարդկանց, ովքեր քիչ թե շատ տեղեկացված են այդ ամենից

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարդացի ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարի 3 օրում կազմած պատասխանը, որը հրապարակվել է տեղակալ օրիորդի անվամբ:

Հարգելի օրիորդ.

կարդացեք ՀՀ ԱԺ նախագահի 2016թ-ի որոշման 2.7-րդ կետի 2-րդ ենթակետը, և այն համեմատեք 2019թ-ի ՀՀ ԱԺ նախագահի որոշման 2.2-րդ կետի 2-րդ ենթակետի հետ ու պարզ կդառնա, որ նախկին՝ «սահմանված կարգով» բառերը փոխարինել եք «պարտադիր» բառով: Սրանով էլ հաստատել եք, որ 2019թ-ի փետրվարի 12-ից սկսած ԱԺ շենքից բոլոր դուրս եկող անձանց պայուսակները պետք է զննվեն պարտադիր կարգով՝ ի տարբերություն նախկինի, երբ սահմանված էին բացառիկ դեպքերը:

Օրիո՜րդ, հորդորում եմ մեկ անգամ էլ կարդալ Ձեր ղեկավարի հայտարարությունը, որտեղ գրված է՝ նախարարները մեքենաներով մտնում էին ԱԺ տարածք, իսկ փոխնախարարները ժամերով հերթ կանգնում: Կարդալուց հետո համեմատել Ձեր անհաջող արդարացման տեքստին, ըստ որի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները, երկու վարչության պետ և այլ անձինք տրանսպորտային միջոցներով մտնում էին ԱԺ տարածք: Նկատեցի՞ք նախարարի ու Ձեր թվարկած անձանց տարբերությունը: Եթե նկատեցիք, ապա մենք էլ նկատեցիքն, որ Ձեր ղեկավարի սուտն անձամբ հաստատեցիք: Իսկ նկատեցի՞ք, որ լռելով փոխնախարարների ժամերով հերթ կանգնելու մասին տարածված սուտ տեղեկությանը հաստատեցիք, որ սուտ էին Ձեր ղեկավարի պնդումները: Վստահ եմ ոչ միայն նկատեցիք, այլև՝ հենց սկզբից գիտեիք: Ինչ վերաբերվում է նախկին տնտեսումների մասին Ձեր մեկնաբանություններին, ապա դրանով էլ, փաստորեն, հաստատեցիք նախկին պնդումս այն մասին, որ չկարողանալով հասնել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարության տնտեսումներին՝ սկսել եք այլաբանությամբ զբաղվել:

Օրիո՜րդ, վառելիքի տնտեսումից, մրցույթներից ու բյուջեից խոսելը թողեք այնպիսի մարդկանց, ովքեր քիչ թե շատ տեղեկացված են այդ ամենից: Դուք զբաղվեք Ձեր գործով:

Եզրափակեմ: Վատ է, որ ստիպված եմ այս ամենը բացատրել օրիորդին, որն իր վրա է վերցրել վերադաս տղամարդու խնդրահարույց հայտարարությունների պաշտպանության գործառույթը: Լինելով ջենտլմեն՝ այս պահից դադարեցնում եմ քննարկումը մինչև Տիգրան Գալստյանի հաջորդ անհաջող հրապարակային խոսքը: