Նոր իշխանությունների հետ շատ լավ աշխատում եմ, ամեն ինչ նորմալ է

Դավիթ Համբարձումյանը իր դեմ քրգործ հարուցելու հարցում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, իշխանությունների կողմից էլ որեւէ ճնշում չի զգում

Հարուցված քրեական գործի մասին ավելի լավ է լռեմ, թող ժամանակ անցնի: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Արտաշատում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

«Երբ քրեական գործի ավարտը լինի, կխոսեմ դրա մասին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ է այդ միջադեպը կապվում իր անձի հետ, եթե, ինչպես ինքն է պնդում, դրա հետ կապ չունի, Մասիսի քաղաքապետն արձագանքեց. «Չեմ կարող ասել: Այդ դեպքերին չեմ մասնակցել, հիմա էլ չեմ մասնակցի, որեւէ մեկին էլ չեմ հորդորի նման բան անել»:

Դավիթ Համբարձումյանը իր դեմ քրգործ հարուցելու հարցում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, իշխանությունների կողմից էլ որեւէ ճնշում չի զգում:. «Նոր իշխանության հետ շատ լավ աշխատում եմ, որեւէ խոչընդոտ չկա, ամեն ինչ նորմալ է»: