Պետք է ոչ միայն դատարան «մուտք գործելը» դարձնենք մատչելի, այլև այնտեղից «դուրս գալը

Մենք գիտենք, որ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական միջոցառմանը:

«Էլեկտրոնային դատարան համակարգն այն համարձակ նորարարությունն է, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ: Ծրագրի գործարկման արդյունքում ակնկալում ենք, որ դատարանները կներկայանան նոր հեղափոխական մոդելով, մասնավորապես, կիրականացվեն մի շարք բարեփոխումներ»,- ասել է Արտակ Զեյնալյանը։

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,  նախարարը  կարևորել է նաև քաղաքացիական գործերով էլեկտրոնային հայցադիմում ներկայացնելու հնարավորության ստեղծումը, մեկ ատյանի դատարանից մյուս ատյանի դատարան գործը էլեկտրոնային եղանակով փոխանցելու հնարավորությունը, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառության անցումը էլեկտրոնային եղանակի, էլ. եղանակով գործի բոլոր նյութերին ծանոթանալու տեխնիկական հնարավորությունը, Էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրումը։

«Մենք գիտենք, որ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է: Մենք պետք է ոչ միայն դատարան «մուտք գործելը» դարձնենք մատչելի, այլև այնտեղից «դուրս գալը», որպեսզի արագ վրա հասնի վեճի հանգուցալուծումը»,- նշել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ ծրագրեր են իրականացվում դատարանները բեռնաթափելու նպատակով:

Նրա խոսքով՝ արդյունավետ կառավարման գիտակարգը հանգել է հետևյալ բանաձևին՝ 100 հազար բնակչի հաշվարկով պետք է լինի 21 դատավոր, իսկ այսօր Հայաստանում դրանց թիվը 7-ն է, և Հայաստանը Եվրոպայի խորհրդում եզրափակիչն է: Նախարարը նշել է, որ այս առումով դեռ անելիքներ կան:

Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում՝ էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվությանն առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների դյուրացմանը, արագացմանը և ծախսերի նվազեցմանը:

Ներկա փուլում նախատեսվում է  հայցերի համակարգը ներդնել  մեկ դատարանում՝ «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։

Թեստավորման արդյունքների հիման վրա համակարգը կբարելավվի և աստիճանաբար կներդրվի բոլոր դատարաններում`քաղաքացիական բոլոր վարույթներով:

Նախարարությունում կարծում են, որ այս կերպ հնարավոր է ապահովել գործող համակարգից նորին սահուն անցումը: E-court համակարգը զգալիորեն կբարձրացնի քաղաքացիների դատական  տեղեկատվության մատչելիության մակարդակը, դատարանների հաշվետվողականությունը, դատական որոշումների կանխատեսելիությունը,  դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: