Բոլոր այսօրվա գոռացողները հերթով մտնելու են կամեռան. Սամվել Բաբայանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

Իրենք շատ լավ գիտեն, թե իրենք ով են, այս ցիրկն էլ, որ խաղում են, փորձում են իրենց արածը գցեն ուրիշի վրա


Հոկտեմբերի 27-ի դերակատարը (նկատի ունի Նաիրի Հունանյանին-խմբ) ողջ-առողջ է, չէ՞, դատախազությունը, քննիչները բոլորը տեղում են, թող նոր քննություն սկսեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը, հայտնում է news.am-ը:

«Եթե իրոք արդար քննություն սկսեն,  բոլոր նրանք, որ հիմա գոռում են, հերթով մտնելու են կամեռան: Այդ մարդկանցից մի քանիսը այդ տղայի հետ հանդիպել է մինչեւ այդ դեպքերը: Ճշտեք՝ ովքեր են հանդիպել 1999 թվականին, ասեք, որ բանտի դուռը բաց է իրենց համար:

Մարդը (Նաիրի հունանյանը-խմբ) եկել է դրսից եւ շփվել է մի շարք պետական ու քաղաքական գործիչների հետ, ովքեր են եղել այդ մարդիկ, ինչի՞ց են խոսել, ինչ են քննարկել: Հենց այդ հարցերի պատասխանը տան, հերթով տեսնելու ես, որ դրդիչներն էլ իրենք են եղել, թող մտնեն կամերան: Իրենք շատ լավ գիտեն, թե իրենք ով են: Այս ցիրկն էլ, որ խաղում են, փորձում են իրենց արածը գցեն ուրիշի վրա»,-հայտարարեց Բաբայանը՝ հավելելով. «Ինչու էր նա պառլամենտից զանգում ոմանց, ասում՝ եկեք, հավաքվեք, ժողովրդին ոտքի հանեք»: