Եթե հրդեհը շարունակվեր ևս 15-30 րոպե, Փարիզի Աստվածամոր տաճարն ամբողջովին կավերվեր

Ըստ փորձագետների՝ տաճարի ապագան դեռևս անորոշ է

Եթե ֆրանսիացի հրշեջներին ևս 15-30 րոպե չհաջողվեր մարել Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհը, ապա կարևոր պատմամշակութային կոթողն ամբողջությամբ կավերվեր: Ինչպես նշում է The Guardian-ը, նման հայտարարությամբ են հանդես եկել Ֆրանսիայի իշխանությունները:

Նրանք ընդգծել են, որ Փարիզի հրշեջ ծառայության աշխատակիցների անձնուրաց աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել խուսափել մեծ աղետից:

Նշվում է, որ հրշեջները, վտանգելով սեփական կյանքը, թույլ չեն տվել կրակին հասնել զանգերի աշտարակներին: Նրանք ջրային պատնեշ են ստեղծել մոլեգնող հրդեհի և տաճարի արևմտյան հատվածում գտնվող երկու աշտարակի միջև: Ընդհանուր առմամբ, ավելի քան 500 հրշեջներից 15 ժամ է պահանջվել կրակն ամբողջությամբ մարելու համար:

Ըստ փորձագետների՝ տաճարի ապագան դեռևս անորոշ է:

Պարբերականը մանրամասնում է, որ պատմական տաճարի վերակառուցման համար ֆրանսիացի մեծահարուստների և խոշոր ընկերությունների ջանքերով արդեն հավաքվել է ավելի քան 650 մլն եվրո: Դրամահավաք հայտարարած նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցումն ավարտել առաջիկա հինգ տարում:

«Աստվածամոր տաճարի հրդեհը մեզ հիշեցնում է, որ մեր պատմությունը երբեք կանգ չի առնում, և մենք միշտ էլ հաղթահարելու ենք մեր առջև կանգնած մարտահրավերները: Մենք կվերակառուցենք Աստվածամոր տաճարը, և այն կլինի նախկինից է՛լ ավելի գեղեցիկ: Ցանկանում եմ, որ դա արվի առաջիկա հինգ տարվա ընթացքում: Մենք կարող ենք դա անել»,-ասել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ կրակը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ 93 մ բարձրությամբ սայրաձողի հիմքում, ինչից հետո հրդեհն արագորեն տարածվել էր փայտաշեն տանիքով: