Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է զորամասերից մեկում, զրուցել կանանց դասակի հրամատարի և դիպուկահար աղջիկներից մեկի հետ։ Նրանք պատմել են ծառայության մանրամասների և «կանանց գաղտնիքների» մասին։
Բարձրակրունկ կոշիկների փոխարեն՝ երկարաճիտ կոշիկներ, իսկ կարճ կիսաշրջազգեստի փոխարեն՝ զինվորական համազգեստ, բայց միայն զորամասի տարածքում։
Զորամասի սահմաններից դուրս Հայաստանի Զինված ուժերի կանանց դասակի աղջիկները չեն տարբերվում իրենց քաղաքացիական ընկերուհիներից։ Վաղ առավոտյան ավտոբուսներով, տաքսիով և անձնական ավտոմեքենաներով նրանք մոտենում են զորամասին, ոմանք՝ համազգեստով, մյուսները՝ քաղաքացիական հագուստով։ Մի մարդու պես դուրս են գալիս շարահրապարակ և սպասում տղամարդ գործընկերներին։ Քայլվածքով և կեցվածքով չեն տարբերվում մյուս զինծառայողներից և միայն գլխարկի տակից երևացող դեղին, կարմիր և կապույտ վարսերն են մատնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։
«Մազերի գույնն ինքնարտահայտման միջոց է։ Ի սկզբանե ես արգելում էի դա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ աղջիկները չեն ցանկանում կորցնել իրենց կանացիությունը և փորձում են ավելի օրիգինալ լինել, իսկ հիմա միջանցքներով անցնում են ծիածանի գույները և հերթապահում պահակակետերում», – Sputnik Արմենիայի թղթակցին ասաց դասակի հրամանատար Աննա N-յանը։
Նա վստահ է, որ իր աղջիկները տարբերվում են ոչ միայն ֆիզիոլոգիական տվյալներով, այլ նաև ճշտապահությամբ, կարգապահությամբ և բարձր մարտունակությամբ։ Նրանք սիրում են այն ամենը, ինչից երբեմն խուսափում են տղամարդիկ․ պատրաստ են ժամերով մարզվել, պաշտում են զորավարժությունները, զենք մաքրելը և երբեմն վիճում են, թե ով պետք է հավելյալ անգամ հերթապահի։ Նրանց պաշտամունքի գլխավոր առարկան զենքն է։ Ինչպես խոստովանեցին աղջիկները, սիրելի ապրանքանիշերը ոչ թե «Շանելը» կամ «Գուչին» են, այլ Դրագունովի դիպուկահար հրացանն ու Accuracy-ին (բրիտանական դիպուկահար հրացան)։ Ասում են, որ այդ զենքի «բրուտալությունից» գլուխ է պտտվում, իսկ կրակելուց հետո անջնջելի տպավորություն է մնում։
0Comments