ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ինքը` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, շարունակելու է հետևել առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք վերցնելու մեջ մեղադրվող` Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ հարուցված գործին:
«Հարցը բավականին զգայուն էր և ես ` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ուղղակի չէի կարող այս դեպքին հատուկ չանդրադառնալ: Դպրոցի տնօրենը մեկ տարեկան երեխա ունի, որին կերակրում էր և ուղղակի անմարդկային էր կերակրող մոր հանդեպ խափանման միջոց կալանք ընտրելը:
Հարցի վերաբերյալ ես դեռ օրեր առաջ զրուցել եմ ՀՀ Գլխավոր դատախազի հետ և ես ու իմ գործընկեր կին պատգամավորները հանդես ենք եկել պատգամավորական միջնորդությամբ ՝ խափանման միջոցը փոխելու համար: Մեր միջնորդությունը հարգվել է և դպրոցի տնօրենի խափանման միջոցը փոխվել է. երեխան կլինի իր մոր կողքին, մնացածն արդեն օրենքի հարց է:
Վստահ եմ, որ քննությունը կտարվի բացարձակ անաչառ: Որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ ես հետևելու եմ այս գործի բոլոր դատական նիստերին»,- գրել է Զոհրաբյանը:
0Comments