Հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձն ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք

Ադրբեջանի նախագահի հետ կարողացել են բավական կառուցողական ու դրական երկխոսություն սկսել

ԵԽԽՎ նիստի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախյան հակամարտության կարգավորմանն ու նշեց, թե ինչ քայլեր են արվում դրա համար։ Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ կարողացել են բավական կառուցողական ու դրական երկխոսություն սկսել։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին:

Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաև հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ:

Իհարկե, չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի:

Վերջերս Երևանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարևորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների և ատելության լեզվով:

Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը և պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի:

Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս, մի քանի անգամ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:

Սա մեր իրականության մեջ աննախադեպ հայտարարություն է և, ըստ էության, այն բանաձևը, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք, մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձն ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք»,- ասաց Փաշինյանը: