Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը դիմել է ԱԱԾ

Նրանց կարծիքով՝ գեներալի առողջական վիճակի մասին եզրակացություն տված հանձնաժողովը լեգիտիմ չէ

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ մանրամասնելով, որ դիմումի հիմքն այն է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և կալանքի հետ համատեղելիության վերաբերյալ եզրակացություն տված հանձնաժողովը օրինական ուժ չունի:

«Հանձնաժողովը լեգիտիմ չէ, եզրակացությունը անհիմն է, որովհետև հանձնաժողովի նախագահը ստորագրության պահին՝ հունվար ամսին, չի հանդիսացել առողջպահության փոխնախարար, նա վարչապետի նախորդ տարվա դեկտեմբերի հրամանով ազատված է եղել աշխատանքից: Դա նույնն է, որ մեխանիկը, պահակը, տաքսու վարորդը եզրակացության տակ ստորագրեն: Վարույթ իրականացնող մարմինը, հիմք ընդունելով անօրինական եզրակացությունը, պնդում է, որ թեպետ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կալանքի հետ համատեղելի են, ինչը այդպես չէ: Մենք համարում ենք վարույթ իրականացնող մարմնի կողմից հղում արվող փաստաթուղթը ոչինչ է»,-մանրամասնեց նա:

Արսեն Մկրտչյանն ասաց, որ դիմումը ներկայացրել են մարտի 26-ին, բայց դեռ ԱԱԾ-ից պատասխան չեն ստացել՝ գործ հարուցվելու է, թե ոչ:

Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը մինչ այս պահը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, և նրան բուժող բժիշկները ևս կարծում են, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կալանքի հետ համատեղելի չեն:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն 232 հազար 917 դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ 228 միլիոն 176 հազար 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն 3 հազար 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն 101 հազար 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: