ՀՀ քաղաքացին իրավունք ո՞ւնի բաց լսումներին ելույթ ունենալ

Մարիա Կարապետյանը բարձրացրել է Նաիրա Զոհրաբյանի պաշտոնանկության հարցը

Մարդկանց սենյակից դուրս հրավիրել ոչ մի պարագայում չի կարելի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն` անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ խորհրդարանական լսումների ժամանակ տրասնգենդերին դահլիճից դուրս հրավիրելու պահանջին։

Բացի այդ, ըստ Կարապետյանի, Նաիրա Զոհրաբյանը խախտել է ԱԺ կանոնակարգ  օրենքը, նաև պատգամավորական էթիկայի կանոնները։ «Խախտվել է լսումների անցկացման կարգը, որովհետև պատշաճ չի իրազեկվել հանրությանն այդ մասին, այսինքն` լսումներից առնվազն երեք օր առաջ օրակարգը, որը սեղանին է, պետք է հայտնվեր կայքում և լրատվականներում»,- ասաց նա։

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի կողմից հրապարկված փաստաղթղթին, որ հենց Մարիա Կարապետյանն է հրավիրվել ՀԿ-ներին` պատգամավորն ասաց, որ ինքը դա չի էլ ժխտել։

«Ես հաստատում եմ` ուղարկել եմ իրազեկող նամակ ՀԿ-ներին,  ավելին՝ խրախուսել եմ, որպեսզի նրանք այդ նամակը փոխանցեն այլ ՀԿ-ների ևս, իրազեկող նամակի բովանդակությունը նաև ԱԺ կայքում է եղել` համապատսխան  օրակարգով, որը ես, որպես հանձնաժողովի անդամ, հաստատել եմ։ Տիկին Զոհրաբյանն իմ և հանձնաժողովի մյուս անդամների հաստատած օրակարգն այնուհետև փոխել է»,-ասաց նա` նշելով, որ առանց հանձնաժողովի անդամների հաստատման` նա այդ իրավունքը չուներ։

Ըստ նրա՝ հաստատված օրակարգը, որը եղել է ԱԺ կայքում, անհետացել է և  հայտնվել է երկրորդ օրակարգը, որտեղ եղել են ավելի նեղ թեմատիկ ոլորտներ։

Հարցին, որ եթե ինքն իմանար, որ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը նման ելույթ է նախապատրաստելու, կուղարկե՞ր այդ հրավերը, թե դա նրան կկաշկանդեր, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Իմ պատգամավորական գործունեությանը ոչինչ չէր կարող կաշկանդել։ ՀՀ քաղաքացին իրավունք ո՞ւնի բաց լսումներին ելույթ ունենալ, այս հարցին եթե պատասխանեք, ես կպատասխանեմ ձեր հարցին»։

Ըստ նրա` այս աղմուկը Նաիրա Զոհրաբյանի մեղքով է, քանի որ արձագանքել է նման կերպ։ «Դիցուք,  ճգնաժամ է տեղի ունեցել, ինչպե՞ս է պատգամավորը, որ վարում է նիստն, արձագանքելու այդ ճգնաժամին»,- ասաց նա և հավելեց, որ նա պետք է պատգամավորական էթիկայի սահմաններում գործեր։

Հարցին, թե պետք է Նաիրա  Զոհրաբյանը շարունակի աշխատել որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, թե ոչ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը պատասխանեց, որ այդ հարցն իր կողմից բարձրացվել է։ «Ես եմ բարձրացրել երեկ իմ ելույթի ժամանակ և նշել եմ, որ նա խախտել է էթիկայի կանոնները»,- նշեց նա։

Իսկ այն, որ սոցցանցերում պահանաջ կար, որ Մարիա Կարապետյանը մանդատը վայր դնի, նա ասաց, որ ինքը նման բան չի անի։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կողմից հրապարկված այն հայտարարությանը, որ Մարիա Կարապետյանը միջազգային կառույցների կողմից արժանացել է «Քաջ կին» անվանակարգում մրցանակի, պատգամավորն ասաց, որ, այո, ինքը ստացել է Ազատության պաշտպանի շքանշան։ Իսկ թե դա կապ ուներ սեռական փոքրամասնությունների խնդիրների պաշտպանության հետ, հրաժարվեց պատասխանել։