«Շատ եմ հավանում պարոն Փաշինյանի այն թեզը, որ ժողովուրդն է երկրի, այս իշխանության տերը, բայց հենց ինչ-որ բաներ են վերևներում որոշում և իրագործում առանց մարդկանց կարծիքը հարցնելու, նորից դառնում է ոչ թե ժողովրդավարություն, այլ հրամանավարություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։
Նա նշեց, որ ժողովրդին տեղյակ պահեցին, որ Կոնստանտին Օրբելյանին ազատել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, բայց կարո՞ղ էին չէ գնալ, անձնակազմի հետ խոսել, բացատրել, թե ինչու, ինչի համար։
Ն. Ծատուրյանի խոսքով, մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը մինչ որոշում կայացնելը պետք է նախապատրաստեր, մտներ, խոսեր, բացատրեր։
«Ինչու եմ դեմ, որ ազատեն Օրբելյանին։ Ասում են՝ օրենքն այդպես է սահմանում։ Ըստ իս՝ օրենքն անընդհատ պետք է փոփոխել, փոխել, բայց ոչ թե փոփոխել, որովհետև հիմա սա է ձեռնտու, հետո այն է ձեռնտու, հետո նորից սա, կդառնա խաղ ու պար։ Ոչ։ Մեր հարևան Վրաստանում թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը մեկ անձ է, կոչվում է թատոնի կառավարիչ։ Տնօրեն կարգադրիչ է նշանակվում, հետևում է ֆինանսական հարցերին, զեկուցում է տնօրենին։ Մեզ մոտ էլ էր այդպես՝ Աճեմյանը և գեղարավեստական ղեկավար էր, և տնօրեն, Խորեն Աբրահամյանն էլ։
Հիմա էլ՝ ի՞նչ է եղել։ Է փոխեք օրենքը։ Չէէէ, օրենքը տենց է։ Այ մարդ, այդ օրենքը բոբո՞ է։ Վերանայեք, տեսեք որն է ավելի օգտակար տվյալ պարագայում թատրոնի համար»,- նշեց թատերական գործիչը։
Նա նշեց, որ բերում են թատրոն լրիվ օտար անձնավորություն, որը թատրոնից ոչ հասկանում է, ոչ սիրտը ցավում է, գալիս, նստում է, որ ինչ-որ տեղերից փող հայթայթի։
«Գալու է, նստի, մտածի՝ ոնց անեմ՝ սա էլ վերցնեմ, սա էլ։ Հենց թատրոնից բան վերցրեցին, վերջանում է արվեստը»,- ասաց Ն. Ծատուրյանը։
0Comments