Քրգործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահվում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին

ՄԻՊ-ը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի հասցրել ծանոթանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իր անձնական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

«Քրեական դատավարության օրենսգիրքն ունի հստակ շրջանակ, թե քրեական դատավարության շրջանակում ով ինչ հանձնարարություններ կարող է տալ։ Բայց կոնկրետ դեպքին ծանոթ չեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը։

Լրագրողները Թաթոյանի համար բառացի կարդացին վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, որից հետո էլ նա շեշտեց․ «Քրեական դատավարության օրենսգիրքը գործ հարուցելու, ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին»։

Միևնույն ժամանակ Թաթոյանը չբացառեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցում տալն այլ իմաստով է ասել։

Հիշեցնեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում էր․ «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։