ՆԱՏՕ-ի ռազմածովային երկու նավեր այսօր մտել են Փոթիի նավահանգիստ: ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հրամանատար Բուդեվեյն Բուտսը կհանդիպի Վրաստանի առափնյա պաշտպանության ուժերի ղեկավարության հետ: Կլինեն նաև աշխատանքային հանդիպումներ, մշակութային և մարզական միջոցառումներ:
ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի երկրորդ խմբի նավերի և Վրաստանի առափնյա պաշտպանության ուժերի երկու նավերի միջև կանցկացվեն համատեղ զորավարժություններ: Դրանց մասնակցելու են նաև Նիդեռլանդների, Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի նավերը:
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի փոխգործակցությունը:
«Մեզ համար անընդունելի է այն փաստը, որ Ռուսաստանն ուժի կիրառմամբ փոխել է սահմանները: Հաշվի առնելով այդ հանգամանքը`մենք ավելացրեցինք մեր ներկայությունը սևծովյան տարածաշրջանում: Մեր նպատակն է ամրապնդել հարաբերությունները Վրաստանի հետ: Մենք նախկինում ևս զորավարժություններ ենք անցկացրել վրացական ռազմածովային ուժերի հետ և պլանավորում ենք ապագայում ևս դա անել», – ասել է ՆԱՏՕ-ի ռազմածովային երկրորդ նավատորմի հրամանատար Բուդեվեյն Բուտսը:
Նշենք, որ ռուսական կողմը բացասաբար էր արձագանքել նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի նավատորմի` Բոսֆորով Սև ծով մտնելը:
Ռուսաստանը բազմիցս, իսկ վերջին անգամ փետրվարին հայտարարել էր, որ համարժեք կարձագանքի իր համար անցանկալի Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացմանը:
0Comments