Հեղափոխությունից մեկ տարի անց պետք է պատասխան տալ, թե որքանով է հաջողվել իրականացնել նախատեսվածը: Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, Հայաստանում հեղափոխությունից անցել է մեկ տարի, իսկ հանրապետությունում, ինչպես նախկինում, տարածաշրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակն է, որը տատանվում է 18 տոկոսի շրջանում:
«Վրաստանում, օրինակ, այս ցուցանիշը 12.7 տոկոս է, Թուրքիայում` 13.5 տոկոս, Ռուսաստանի Դաշնությունում `4.9 տոկոս, Ղազախստանում` 4.8 տոկոս: Աղքատության առումով Հայաստանը նույնպես տարածաշրջանի առաջատարն է` 29.4 տոկոս: Վրաստանը` 21 տոկոս, Ռուսաստանը` 13.6 տոկոս», - նշեց Մելքումյանը:
Նա նաեւ հավելեց, որ Հայաստանը տարածաշրջանում օտարերկրյա ներդրումների ցուցանիշներով վերջին դիրքերն է զբաղեցրել: Այսպիսով, նրա խոսքով, ըստ վիճակագրության, անցյալ տարի Հայաստանում օտարերկրյա ներդրումները կազմել են 246 մլն դոլար, մինչդեռ Վրաստանում՝ 1.8 մլրդ դոլար, Ադրբեջանում` 2,9 մլրդ, Թուրքիայում` 10 մլրդ, Ռուսաստանում` 25 մլրդ դոլար:
Պատգամավորը նշեց, որ միայն լավ ցանկությունները բավարար չեն երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար, քանի որ անհրաժեշտ են միջոցներ, որոնց վրա պետք է հենվեն տնտեսական բարեփոխումները: «Եթե բարձր շրջանակները քաղաքական կամք ունեն, դա չի նշանակում, որ իշխանության ավելի ցածր օղակներում արդյունավետությունը մեծացել է», - ասաց պատգամավորը:
Նրա կարծիքով, պետության հանդեպ վերաբերմունքը չի փոխվել ինչպես կառավարման համակարգի միջին, այնպես էլ ցածր օղակներում:
«Այստեղ բոլորը շարունակում են վատնել եւ յուրացնել գումարները, ինչպես հեղափոխությունից առաջ», - եզրափակեց պատգամավորը:
0Comments