«Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00 Հանրապետական մարզադաշտ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Խաղը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ:
Խաղի նախօրեին Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ:
«Ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը: Անկեղծ ասած, ես հենց այդ առումով եմ կարևոր համարում ընդհանրապես սպորտը և ֆուտբոլն առաջին հերթին՝ որպես ամենազանգվածային մարզաձև: Իհարկե, Հայաստանի ազգային հավաքականն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն և այս պրոցեսի լիդերությունն, ըստ էության, ընկնում է ազգային հավաքականի և նրա խաղացողների վրա։
Իհարկե, խաղի արդյունքը շատ կարևոր է, բայց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նաև պատրաստ եմ կիսել ցանկացած դառնություն մեր հավաքականի հետ: Իհարկե, ուրախությունը կիսելու կարիք չկա էլ, բայց դառնությունները իմացեք, որ միշտ էլ պատրաստ եմ կիսել, այնպես որ շատ կարևոր է, որ խաղադաշտ մտնելուց առաջ վստահ լինեք, որ մեր հանրությունը, անձամբ ես ձեր թիկունքին կանգնած ենք»,-ասել է վարչապետը։
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ակադեմիա այցելելու, ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հանդիպելու և հնչեցրած գնահատականների համար: ՀՖՖ նախագահը հավաստիացրել է, որ ազգային հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը գտնվում է բարձր մակարդակի վրա, տղաների մարզավիճակը ևս լավ մակարդակի վրա է:
«Բոլորս միասին պատրաստվում ենք վաղվա և առաջիկա բոլոր խաղերին, ցուցադրելու ենք շատ լավ խաղ: Բոլորս հավատում ենք, որ մեր տղաները վաղը պատվով հանդես կգան և ունենալու ենք հաղթանակ: Ինչպես Դուք նշեցիք՝ պարտության դեպքում էլ լինելու ենք ֆուտբոլիստների կողքին և կիսելու ենք այն, բայց, իհարկե, հաղթանակը շատ սպասելի է և բոլորս հավատում ենք, որ վաղն ունենալու ենք հաղթանակ»,- նշել է Վանեցյանը:
0Comments