Քաղաքական հաշվեհարդար չի լինելու․ Սուրեն Պապիկյան

Ցավոք սրտի, այդ համայնքապետերի թիվը մեծ չէ, սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը

Պետք չէ ակնկալել, թե իշխանությունները կարող են իրենց իրավասությունից դուրս գործողություններ կատարել։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, որոնցով պահանջում են համայնքի ղեկավարների հրաժարականը։

Պապիկյանը շեշտեց՝ քաղաքական հաշվեհարդար չի լինելու։ «Այստեղ չի լինելու քաղաքական հաշվեհարդար, իսկ եթե այստեղ մեզ փնովելու են և ասեն, որ իշխանությունը գործիքներ չի կիրառում այդ հարցում, ապա պետք է հիասթափեցնեմ և ասեմ՝ յուրաքանչյուր պաշտոնյա իր գործողությունները պետք է բխեցնի օրենքից»,-շարունակեց Սուրեն Պապիկյանը։ 

Նախարարը տեղեկացրեց, որ Կառավարությունը նախաձեռնում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարել, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա համայնքի բնակիչներին իրենց վերաբերմունքն արտահայտել համայնքապետի պաշտոնավարման հետ կապված։ Պապիկյանի խոսքով՝ այսօր կան համայնքապետարաններ, որոնք շատ լավ են պատկերացնում իրենց համայնքի զարգացումը, բայց նկատեց, որ նրանց թիվն այդքան էլ մեծ չէ, ինչի արդյունքում էլ առաջանում է համայնքների կառավարման նոր որակ ստեղծելու պահանջը։

«Ցավոք սրտի, այդ համայնքապետերի թիվը մեծ չէ, սա է պատճառը, որ մենք փորձում ենք նոր որակ հաղորդել համայնքների կառավարմանը, և առաջիկայում, երբ ի հայտ կբերվի նոր խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք, որ պետք է Հայաստանի համայնքներում ներդրվի համամասնական ընտրակարգ։ Համամասնական ընտրակարգը, որպեսզի լինի ամբողջական, և մոտեցումն էլ ճիշտ լինի, պետք է միայն կուսակցական պատկանելության վրա շեշտը չդնել»,- հավելեց նախարարը։

Վերջինս կարծում է, որ այսօր արձանագրված փաստ է, որ մարզերում կուսակցությունները բավարար կայացած չեն․ «Եվ հանրային նախաձեռնություններին, քաղաքական և հասարակական խմբերին ավագանիում և համայնքի ղեկավարմանը ներգրավվելու համար մենք պետք է հարթակ ու հնարավորություն ստեղծենք»,- եզրափակեց Սուրեն Պապիկյանը։